Էջ:Ընտրանի.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Ես չեմ ուզում հայկական գործոնի մասին հարցը վերածել փիլիսոփայական կատեգորիայի։ Երբ խոսվել է 1988–89թ. հայկական գործոնի մասին, դա ընդամենը եղել է զուտ քաղաքական գործոն։ Ի՞նչն էր այդ գործոնի էությունը։ Խորհրդային Միության գոյության պայմաններում Ադրբեջանն ուներ ինչ-որ լծակներ՝ ազդելու կենտրոնական իշխանությունների վրա։ Առաջին հերթին դա բռնության սպառնալիքներն էին՝ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայության հալածանքները, ջարդերը, ռուս բնակչության եւ բանակի դեմ սպառնալիքները։ Սա ադրբեջանական գործոնն էր։ Այն զուտ քաղաքական գործոն էր, եւ Ադրբեջանը մեծ հաջողությամբ դա կիրառում էր։ Փաստորեն կենտրոնական իշխանությունները հաշվի էին նստում այս գործոնի հետ։ Ի հակադրություն սրան, մենք փորձում էինք ստեղծել հայկական գործոն, եւ մեզ դա հաջողվեց։ Դա համաժողովրդական դեմոկրատական շարժումն էր, որն իր լուրջ արձագանքներն ունեցավ խորհրդային մյուս հանրապետություններում։ Հայաստանն առաջին հանրապետությունն էր ԽՍՀՄ-ում, որտեղ տեղի ունեցան զանգվածային ցույցեր ու համազգային գործադուլներ, եւ ամենակարեւորը՝ Հայաստանն առաջինն էր, որ գտավ խորհուրդների միջոցով իշխանության վերափոխման բանալին։

Բոլոր հանրապետություններում վերափոխումները տեղի ունեցան այս ճանապարհով։ Ես չեմ ասում, թե դա մշակված ծրագիր էր, բայց փաստն այն էր, որ առաջինը տեղի ունեցավ Հայաստանում։ Սա իսկապես վերածվեց գործոնի։ Հայաստանում տեղի էին ունենում դեմոկրատական այնպիսի գործընթացներ, որոնք հետագայում օրինակ էին դառնում կամ ազդում այլ հանրապետությունների շարժումների վրա։ Այսօր ես «հայկական գործոն» արտահայտությունը չեմ օգտագործի, որովհետեւ նման քաղաքական գործոն ես չեմ տեսնում։ Եթե այսօր ուզենք անպայման ինչ-որ բան հայկական գործոն անվանել, ես դա կհամարեի մեր արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը, այն է՝ հարաբերությունների հետեւողական կարգավորումը մեր անմիջական հարեւանների հետ, որը գործընթաց է եւ դեռ չի հասել իր ավարտին։

― Ի՞նչ սկզբունքով է կատարվում կադրերի ընտրությունը։