Էջ:Ընտրանի.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Ես չէի ասի, որ զգալի փոփոխություններ են եղել կադրային բնագավառում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի մոտ 30 անդամ, որոնցից 4-ը մեկ տարվա գործունեությունից հետո փոխվել են։ Սա, կարծում եմ, շատ բնական գործընթաց է։ Մեկ տարի անցնելուց հետո նաեւ խնդիրներն են փոխվել։ Այս նոր, փոփոխված խնդիրները հարկադրում են ինչ-ինչ ճշգրտումներ մտցնել կադրային քաղաքականության մեջ։ Իհարկե, բոլորին ամենից շատ հետաքրքրում են, ըստ երեւույթին, երկու նախարարների՝ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների փոփոխությունները. դրանց մասին շատ է խոսվել, հայտնվել է նաեւ պաշտոնական տեսակետը։ Ես պետք է լիովին համաձայնեմ այն տեսակետին, որը շարադրել էր Նախագահի մամուլի քարտուղարը «Ազգ» թերթին տված հարցազրույցում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնազրկման մասին։ Լիովին համաձայն եմ նրա բոլոր գնահատականներին։ Կարող եմ հիշեցնել մի երկու գլխավոր պատճառ։ Սկզբի չորս ամիսների ընթացքում, երբ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է վարեր շատ ակտիվ արտաքին քաղաքականություն, երբ տեղի էին ունենում անկախության ճանաչման, միջազգային կազմակերպություններին անդամագրվելու գործընթացները, Րաֆֆի Հովհաննիսյանն իր պարտականությունները կատարեց փայլուն, եւ ես չեմ պատկերացնում մի այլ արտաքին գործերի նախարար, որը կարողանար այդպես իրականացնել այդ աշխատանքը։ Բայց դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ սկսվեց որոշ խզում Հայաստանի Հանրապետության Նախագահի արտաքին քաղաքականության սկզբունքներից։ Դա առաջին հերթին վերաբերում էր մեր հարեւանների հետ ունեցած հարաբերությունների հարցին։ Եւ դրա ամենացայտուն օրինակը դարձավ Ստամբուլի նրա ելույթը՝ ելույթ, որին ես չեմ կարող համաձայնել ոչ ամբողջությամբ, ոչ էլ յուրաքանչյուր կոնկրետ դրույթի՝ առանձին վերցրած։ Եթե ես հետագայում հուշագրության ժամանակ ունենամ, կարող եմ մեկ առ մեկ վերլուծել այդ ելույթի դրույթները եւ մեկ առ մեկ առարկել դրանց։ Դա նախ եւ առաջ ուղղակի հակասում էր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքին՝ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքին։ Երկրորդ՝ առանց հաշվի առնելու քաղաքական հետեւանքները, շրջանառության մեջ էին դրվում վտանգավոր քաղաքական կռվաններ, նկատի ունեմ քրդական