Էջ:Ընտրանի.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(ինքն էր զանգահարել)։ Զրույցի ժամանակ ես բարձրացրի եւս մեկ հարց. Գերմանիայից եւ Բուլղարիայից էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստան ապահովել Թուրքիայի ցանցերի միջոցով։ Տեխնիկապես դա հնարավոր է, եւ վարչապետը խոստացավ կարգավորել նաեւ այդ հարցը։ Նա հանձնարարեց իրենց էներգետիկներին, որոնք արդեն կապի մեջ են Հայաստանի էներգետիկների հետ, զբաղվել այս հարցով։ Հաջողության դեպքում այս ձմեռ մենք 100–150 մեգավատ էլեկտրաէներգիա կստանանք նաեւ այս ճանապարհով, որը, կարծում եմ, մեծ աջակցություն կլինի մեզ։

― Ինչո՞վ է պայմանավորված ազգային բանակի ստեղծումն այսօր։

― Պետք է ասել, որ մեր բանակի ստեղծումը այսօր չէ, որ ձեռնարկվել է, այլ բան է, որ այն այսօր դրված է ուրիշ հիմքերի վրա։ Բանակի ծնունդն սկսվել է 1990 թվականի հունվարից, երբ ́աքվի ջարդերից հետո տարերայնորեն կազմավորվեցին զինված ջոկատներ, որոնք աստիճանաբար վերածվեցին ազատամարտիկների երկրապահ ջոկատների։ Դա նույնպես բանակ էր իր տեսակի մեջ, որը ժամանակին պատվով կատարեց իր խնդիրները։

Այսօր պահանջներն այլ են, պատերազմի բնույթն էլ է փոխված թե՛ Լեռնային Ղարաբաղում եւ թե՛ մեր սահմաններում։ Կողմերն արդեն ունեն ժամանակակից, նույնիսկ գերժամանակակից զենքեր, զինտեխնիկա, որը պահանջում է համապատասխան պրոֆեսիոնալ պատրաստություն։ Բանակում անհրաժեշտություն էր ծագել նաեւ կատարել կադրային փոփոխություններ։ Վազգեն Սարգսյանը գիտակցում էր, որ ինքն այլեւս ի վիճակի չէ իրականացնել այդ նոր խնդիրները եւ կամովին, իր խնդրանքով, այդ պաշտոնը զիջեց ավելի պրոֆեսիոնալների։ Մենք հրավիրեցինք երկու չափազանց հմուտ զինվորականների՝ գեներալ-լեյտենանտներ Տեր-Գրիգորյանին եւ Անդրեասյանին, որոնք այսօր ամբողջությամբ զբաղված են մեր բանակի կազմավորման հարցերով։

Բանակի հարցում մենք մի փոքր այլ ճանապարհ ընտրեցինք, քան Ադրբեջանը։ Նրանք իրենց բանակն ստեղծեցին առճակատման ուղիով, մենք փորձեցինք դա անել մեղմ քաղաքական բանակցությունների միջոցով, ինչը մեզ հաջողվեց։ Մենք իրավունք չունեինք ընտրելու Ադրբեջանի ճանապարհը։ Իհարկե, եթե հարցին վերաբերվեինք մաթեմատի