Մի կողմ թողնելով այն, որ նման դատողությունը նախ եւ առաջ մեծագույն արհամարհանք է սեփական ժողովրդի նկատմամբ, անդրադառնանք դրա քաղաքական նպատակադրմանը, որ, ցավոք, չափազանց պարզունակ ու թափանցիկ է։ Կասկածի տակ դնելով իշխանությունների օրինականությունը եւ ոգեւորված Վրաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի օրինակներով ու ռուսաստանյան խմորումներով` ընդդիմությունը դրանով, փաստորեն, տեսական եւ իրավական հող է նախապատրաստում՝ արդարացնելու իշխանության համար մղելիք պայքարում միջոցների մեջ խտրություն չճանաչող իր գործողությունները։
Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ներկա իշխանությունների լեգիտիմությանը՝
օրինականությանը, ապա դրա ամենապերճախոս վկայությունը ՀՀՇ-ի ստացած 45 տոկոս քվեներն են 1990 թ. մայիսին կայացած՝ Գերագույն խորհրդի ընտրություններում, եւ` Հանրապետության Նախագահի ստացած 83 տոկոս քվեները` 1991թ. Հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում։
Ասվում է, թե այդ արդյունքները ձեռք են բերվել ժողովրդին մոլորեցնելու գնով։ ՀՀՇ-ն եւ Հանրապետության Նախագահը հանճար պետք է լինեին՝ ժողովրդին երկու-երեք տարի շարունակ մոլորեցնել կարողանալու համար։ Ժողովրդին կարելի է տասնամյակներով ստրկացնել, կարելի է նաեւ մի պահ մոլորեցնել, բայց երկու-երեք տարի շարունակ դա ոչ ոքի չի հաջողվի։ Եւ հետո, եթե մոլորեցնելն այդքան հեշտ էր, այդ ինչպե՞ս ժողովուրդը չմոլորվեց նախագահական որոշ թեկնածուների աղմկոտ, թանկարժեք ու լայնածավալ ընտրարշավներից։
Եթե խոսքը կրկին վերաբերում է իշխանությունների օրինականությանը, ապա նախ եւ առաջ կասկածելի է հենց ընդդիմությունը ներկայացնող՝ Գերագույն խորհրդի նորաբույս կուսակցական խմբակցությունների օրինականությունը։ Ժողովուրդը ոչ մի դաշնակցական, ռամկավար կամ ԱԺՄ-ական չի ընտրել, բայց այսօր խորհրդարանում կան նման կուսակցական խմբակցություններ։ Ժողովուրդն ընտրել է միայն կոմունիստներ, ՀՀՇ-ականներ եւ մի քանի անկախ պատգամավորներ։ Միակ բացառությունը ԱԻՄ-ի ներկայացուցիչն է, որ ընտրվել է կուսակցական հիմունքներով։ Դաշնակցության, Ռամկավար-ազատական կուսակցության եւ ԱԺՄ-ի խմբակցություններն առաջացել են Խորհրդարանի ներսում` կոմկուսից ու ՀՀՇ-ից անջատված պատգամավորների