անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման ու հիմնահարցի փոխզիջումային լուծման ճանապարհին։
Ծրագրի շուտափույթ իրականացումը բխում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կենսական շահերից, ուստի ոչ մի ջանք չպետք է խնայել նրա հաջողությունն ապահովելու համար։ Ոչ մի ուժ չի կարող կասեցնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ հաստատակամորեն իրականացնելու խաղաղության տանող այդ ծրագիրը։
8. Տարածված հերյուրանքներից է նաեւ այն, թե իբր ՀՀՇ-ն եւ Հայաստանի ներկա իշխանությունները դեմ են Սահմանադրություն ընդունելուն։ Մասնավորապես` ինձ է վերագրվում մի միտք, այն է՝ «Հայաստանին Սահմանադրություն պետք չէ» , որը ես երբեւիցե չեմ արտասանել։ Բայց դա չի խանգարում, որ այն փոխանցվի թերթից թերթ, չակերտների մեջ, որպես ուղղակի խոսք։
Ես իսկապես դեմ եմ եղել, եւ այսօր էլ գտնում եմ, որ ճիշտ եմ վարվել, որ Սահմանադրությունն ընդունվեր, ասենք` 1990–1991 թվականներին, երբ Հայաստանը գտնվում էր անկախության գործընթացի մեջ, թույլ պետական կառույցներով, անցման շրջանի խախուտ օրենսդրությամբ։
Համոզված եմ, որ այդ ժամանակ ընդունված Սահմանադրությունից այսօր ոչինչ չէր մնա, եւ ժողովրդի աչքում մենք հիմնովին կվարկաբեկեինք պետության կայունության խորհրդանիշը հանդիսացող այդ կարեւորագույն փաստաթղթի վարկը, որը կարող էր հետագայում լրջորեն անդրադառնալ քաղաքացիական համերաշխության եւ պետական կյանքի կազմակերպման վրա։
Այսօր, երբ արդեն Հայաստանը ձեռք է բերել իր լիակատար անկախությունը, երբ բավականաչափ հստակեցվել է իշխանությունների տանջատման սկզբունքը, երբ կյանքում արդեն գործադրվել է նոր պահանջներին բավարարող օրենսդրությունը՝ միանգամայն հասունացած կարելի է համարել Սահմանադրության ընդունման պահը։
Ձեզ հայտնի պետք է լինի այն հսկայական աշխատանքը, որ այդ ուղղությամբ արդեն իրականացրել է Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը։ Հունիսի 23-ին Սահմանադրական հանձնաժողովը հավանություն տվեց Սահմանադրության վերջնական նախագծին եւ այն ներկայացրեց Գերագույն խորհրդի քննարկմանը։