Էջ:Ընտրանի.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրականում Սփյուռքն իր սկզբնավորման օրից աչքի է ընկել ընկերային, դավանաբանական, հայրենակցական, կրթական, մշակութային հատվածականությամբ, որը հատկապես խորացել է ավանդական քաղաքական կուսակցությունների գործունեության պատճառով։ Հատվածականության խորացման գործում իրենց բացասական դերն են ունեցել նաեւ Խորհրդային Հայաստանի իշխանությունները եւ, մանավանդ, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն։ Սփյուռքի պառակտման մասին խոսողները կարծեք թե մոռացել են, թե ինչպես տասնամյակներ շարունակ ապրիլի 24-ին ավանդական կուսակցությունները յուրաքանչյուր գաղթօջախում կազմակերպում էին երեք առանձին սգահանդես, թե ինչպես նրանց ջանքերով բաժանվեց հայ ժողովրդի սրբության սրբոցը՝ Հայ Առաքելական Եկեղեցին, թե ինչպես նրանց ջանքերով այսօր էլ վիժեցվում է եկեղեցու վերամիավորման հրամայականը, չնայած զույգ վեհափառների մերձեցման ամենալուրջ միտումներին, թե ինչպես Սփյուռքի կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ ենթարկված է կուսակցական բաժանման սկզբունքինեւ այլն։ Սփյուռքի հրապարակախոսությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր անհատ, կարծում եմ, պատրաստ է հավաստել, որ այս իրավիճակը եղել է սփյուռքահայ մտավորականության մշտական մտահոգության առարկան։

Սփյուռքի միավորման միտումներն, ընդհակառակը, միանգամայն նոր երեւույթ են։ Դրա առաջին խթանիչը հանդիսացավ 1988-ի երկրաշարժը, որը զորաշարժի հանեց ողջ հայությանը, իսկ երկրորդը՝ հայոց անկախ պետականության վերականգնումը, որի ձգողական ուժն առաջիկա տարիներին դառնալու է Սփյուռքի արմատական վերափոխման հիմքը։ Դրան արդեն որոշակի նպաստ են բերում Հայաստանի նորաբաց դեսպանատները եւ «Հայաստան» հիմնադրամի արտասահմանյան կառույցները։

Մի քանի խոսք էլ սփյուռքահայության իրավունքների ոտնահարման կամ անտեսման մասին, հարց, որը բորբոքվեց հատկապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիության օրենքի քննարկման առթիվ։

Ծիծաղելի է, իհարկե, ժխտել, որ Հայաստանը համայն հայության հայրենիքն է։ Հայաստանի դռները բաց են յուրաքանչյուր սփյուռքահայի համար, որը պատրաստ է իր նպաստը բերել պետականության ամ