կան մտքի երկու ուղղությունների` պատմական իրավունքի վրա հիմնված ավանտյուրիզմի եւ ռեալ իրականության վրա հիմնված ռացիոնալիզմի միջեւ։
Այդ պայքարը գոյություն է ունեցել նաեւ նախկինում, մասնավորապես 1918–1920 թվականներին` Հայոց առաջին հանրապետության օրոք։ Դժբախտաբար, այն ժամանակ պայքարն ավարտվեց առաջին ուղղության հաղթանակով, որի հետեւանքով Հայաստանը կորցրեց թե՛ իր անկախությունը, թե՛ իր տարածքների զգալի մասը։ Այսօր հայ ժողովուրդը որոշ ընդդիմադիր կուսակցությունների ջանքերով նորից կանգնած է նույն փորձության, նույն երկընտրանքի առջեւ, թեեւ իրականում երկընտրանք գոյություն չունի, քանի որ առաջին տարբերակը մեկընդմիշտ ապացուցել է իր լիակատար սնանկությունը եւ կործանարարությունը։
Հայ ժողովրդի բախտն այսօր լիովին կախված է պատմական փորձառությունից դաս քաղելու նրա ընդունակությունից եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների քաղաքական կամքից։
Համոզված եմ, որ գոնե այս անգամ այդ ընդունակությունն ու կամքը նրանց չեն լքի, եւ պատմականության փոխարեն իրականությունը կդառնա մեր ազգային գաղափարախոսության հիմքը։ Այդ գաղափարախոսության կրողի պատիվն առայժմ պատկանում է միայն ՀՀՇ-ին, նրանից անջատված ԱԺՄ-ին, ինչպես նաեւ Հայաստանի ու Սփյուռքի որոշ մտավորական շերտերի, սակայն վստահ եմ, որ այն շուտով համակելու է ողջ հայությանը։
Այսքանով, իհարկե, չի ավարտվում ՀՀՇ-ին եւ Հայաստանի ներկա իշխանություններին ներկայացվող մեղադրանքների, ամբաստանությունների, ավելին` հերյուրանքների, զրպարտությունների, բամբասանքների շարքը։ Եւ թող ոչ ոքի մոտ պատրանք չառաջանա, թե այս ելույթից հետո դրանք դադարելու են։ Վաղը նորից կրկնվելու են, ավելացվելու են նորերը, եւ այսպես շարունակ։ Մեր «մեղքերը» շատ են, եւ ավելի շատ էլ վերագրվելու են։
Ես ձեզ մաղթում եմ տոկունությամբ եւ համբերատարությամբ, արժանապատվությամբ ու մեծահոգությամբ կրել այդ ծանր, բայց եւ պատվաբեր լուծը։