Էջ:Ընտրանի.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաններին՝ խրուշչովյան լայնախոհ մարդասիրական քաղաքականության շնորհիվ, որի արդյունքը եղան 1965 թվականի ապրիլի 24-ի պատմական զանգվածային ցույցը եւ 1966–1967 թվականներին Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման լուրջ շարժումը, որը, սակայն, շուտով խեղդվեց բրեժնեւյան եռապետության ճահճուտում։

Մեր երկրում հռչակված վերակառուցման, հրապարակայնության եւ ժողովրդավարացման արդի պայմաններում հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ ավելի վճռականորեն բարձրացնելու իր արդար դատը, եւ ահա ութ ամիս շարունակ խիստ սահմանադրական միջոցներով նա պայքարում է հանուն ազգային միասնության։ Շարժումը կրում է հիրավի համաժողովրդական բնույթ, որ ով եւ բացատրվում են նրա քաղաքական հզորությունն ու ներքին կազմակերպվածությունը։ Ուստի միանգամայն ծիծաղելի են նրա առաջացումը մի խումբ ծայրահեղականների, արեւմտյան գործակալների, սադրիչների, անպատասխանատու անձանց կամ վերակառուցման հակառակորդների ջանքերին վերագրելու մեկը մյուսին հաջորդող եւ մեկը մյուսից շուտ սնանկացող փորձերը։

Չի կարելի ժխտել, իհարկե, որ Շարժման պատճառով հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակից իսկապես կարող են օգտվել, եւ թերեւս օգտվում էլ են , որոշ անբարոյական տարրեր, որոնք իրենց անօրինական գործողություններով կարող են ինչ֊որ չափով վնասել վերակառուցման գաղափարին։ Սակայն, նախ՝ նման երեւույթներից երաշխավորված չէ ոչ մի քաղաքական շարժման հետեւանքով ստեղծված այդպիսի իրավիճակ, եւ երկրորդ՝ Ղարաբաղյան շարժումը շատ ավելի լայն հնարավորություններ է ընձեռում իրենից օգտվելու վերակառուցման կողմնակիցներին, քան նրա հակառակորդներին։ Կույր պետք է ձեւանալ չտեսնելու համար, որ հայ ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով հայտնվել է խորհրդային հասարակարգի իսկական վերակառուցման եւ ժողովրդավարության հաստատման ավանգարդում։ Խորհրդային Միության ժողովուրդների շարքում հայ ժողովուրդն առաջինն է, որ դրսեւորել է այնպիսի հասարակական ակտիվություն, որն, ինչպես հավաստվում է երկրի նոր քաղաքականության ջատագովների կողմից, վերակառուցման եւ ժողովրդավարության հաղթանակի միակ գրավականն է։ Հասարակական այդ ակտի