Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարկը հավուր պատշաճի պահելու խնդիրը համարենք մեզանից յուրաքանչյուրի արժանապատվության հարցը։ Խիստ կարեւոր է դրամանիշերի փոխանակության գործի հստակ կազմակերպումը։ Պետական հանձնաժողովն այս ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր։ Ստեղծվել են փոխանակային հանձնաժողովներ բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում, բանկային բաժանմունքներում, տեղական խորհուրդներում։ Հանրապետության ներքին շուկանարժութային հնարավոր ներխուժումից պաշտպանելու համար նախատեսվում է հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացու հնարավորություն տալ ուղղակիորեն փոխանակել 50 հազար ռուբլի` ստանալով 250 դրամ։ 50 հազար ռուբլուց ավելի 1991–1992 թվականների հազար, հինգ հազար եւ տաս հազար դրամանիշով գումարներն անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 26-ը ներառյալ ձեւակերպել որպես ավանդ խնայբանկի հատուկ հաշիվներում։

Հանրապետության բոլոր քաղաքացիները, մասնավորապես խոսքս ուղղում եմ մեր գյուղացիությանը, ովքեր իրենց վաստակած եկամուտները կձեւակերպեն որպես ավանդ, կարող են վստահ լինել, որ դրանք կգտնվեն ապահով վիճակում, եւ կարճ ժամանակից հետո նրանք ազատորեն կարող են տնօրինել իրենց հաշիվները։ Ձեռնարկված քայլը միայն ու միայն հանրապետության ներքին շուկան պաշտպանելու նկատառումներից է դրդված։ Այո, կլինեն նաեւ մարդիկ, որոնք ստեղծված վիճակից սեփական շահ կորզելու նպատակով կփորձեն դիմել տարբեր ձեռնածությունների ու նաեւ խուճապային տրամադրություններ ստեղծել։ Ուստի ցանկանում եմ ամենայն որոշակիությամբ նշել. մեր քաղաքացիների վաստակած բոլոր եկամուտները ամենահուսալի ձեւով կպաշտպանվեն ու կփոխանակվեն (թե՛ ուղղակի եւ թե՛ ավանդների ձեւով), իսկ տարաբնույթ ոտնձգությունները կկասեցվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Ես ցանկանում եմ շեշտել նաեւ շրջանային խորհուրդների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարության, բանկային հիմնարկների ու փոխանակային հանձնաժողովների ողջ պատասխանատվությունը։ Այս գործում որեւէ թերացում կամ զանցանք հավասարազոր է ուղղակի դավաճանության։