Էջ:Ընտրանի.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու որպես ազգային անհամաձայնություն։ Ինքնին պարզ է, թե նման հակումը, չծառայելով որեւէ դրական տեղաշարժի, միաժամանակ ինչպիսի անառողջ եւ հոռետեսական մթնոլորտ է ստեղծում ազգի ներսում։ Կեղծ քաղաքական կատեգորիա է նաեւ ազգային գաղափարախոսություն հասկացությունը, որովհետեւ ժողովրդավարության պայմաններում անհնար է ողջ ազգին համախմբել մեկ միասնական գաղափարախոսության շուրջ։ Միշտ էլ կլինեն մարդիկ կամ մարդկանց խմբեր, եւ դա նրանց լիակատար իրավունքն է, որոնք երբեւիցե չեն ընդունի այդ գաղափարախոսությունը։

Գաղափարախոսության մենատիրությունը հնարավոր է միայն բռնապետության կամ ամբողջատիրության պայմաններում, որ ապացուցվում է թե՛ հայ ժողովրդի, թե՛ համայն մարդկության պատմական փորձով։ Պատմական փորձը ցույց է տալիս նաեւ, որ որեւէ գաղափարախոսություն ինքնին դեռեւս վտանգ չի ներկայացնում. այն վտանգավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ նրա գործադրումը պարունակում է մենատիրության կամ բռնության տարր։

Ազգային գաղափարախոսության ջատագովներն ակամա նրան տալիս են խորհրդավոր, համարյա կրոնական բովանդակություն, որ պարարտ հող է ստեղծում ամբոխավարության ու քաղաքական շահարկումների համար։ Խորհրդավորության քողը, սակայն, ազգային խնդիրները դարձնում է վերացական, կտրում իրական լուծումներից։

Եթե հարկ է զգացվում անպայման դիմել ազգային գաղափարախոսություն հասկացության օգնությանը՝ թեկուզ որպես քաղաքական էթիկետի պահանջի, ապա, իմ կարծիքով, պարտադիր չէ այն պատել խորհրդավորության, միստիկայի քողով։ Ընդհակառակը, իմ հասկացողությամբ, դա պետք է լինի պարզ, որոշակի եւ գործադրելի ծրագիր, այն է՝ Հայաստանը տեսնել որպես ամուր, ապահով, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն, քաղաքացիական հասարակություն, ծաղկող մշակույթ եւ բարգավաճող տնտեսություն։

Ահա մոտավորապես սա է հայ ժողովրդի ներկա ազգային իրական խնդիրը, եթե կուզեք՝ ազգային ծրագիրը, որը, ինչպես տեսնում ենք, ոչ մի գաղտնիք, ոչ մի խորհրդավորություն կամ դիցաբանություն չի պարունակում։