Էջ:Ընտրանի.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունն անում է այն, ինչ առայժմ հնարավոր է, թեեւ, իհարկե, հնարավորի սահմանը միշտ էլ առաձգական է եւ վիճելի։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ նշված պահանջների համարժեք բավարարումը կախված է Հայաստանի տնտեսության զարգացման եւ ժողովրդի ընդհանուր կենսամակարդակի բարձրացման հնարավորությունից, որն իր հերթին պայմանավորված է ղարաբաղյան պատերազմի ավարտմամբ ու շրջափակումների վերացմամբ։ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատումից եւ շրջափակումների վերացումից հետո, վստահ եմ, եթե ոչ անմիջապես, ապա գոնե աստիճանաբար ոչ միայն կբարելավվի Հայաստանի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլ նաեւ լուրջ հնարավորություններ կստեղծվեն գիտության զարգացման համար։ Ուրախ եմ այս առիթով հայտարարելու, որ մենք երբեւէ այնքան մոտ չենք եղել խաղաղությանը, որքան այսօր։

Մեր հանրապետությունն՝ ընդհանրապես եւ Գիտությունների ազգային ակադեմիան՝ մասնավորապես, այսօր ապրում են տասնամյակների ընթացքում ձեռքբերված հարստություններն ու նվաճումները պահպանելու եւ անցումային շրջանի համար անխուսափելի կորուստները նվազագույնի հասցնելու հանգրվանը։ Եւ ի պատիվ Ակադեմիայի պետք է ասել, որ այս խնդիրը, չնայած ստեղծված ծանրագույն պայմաններին, նա լուծում է բավարար կերպով։

Հայաստանի անկախացման հետեւանքով առաջացած նոր պայմանները Ակադեմիայի առջեւ, բնականաբար, դնում են նաեւ նոր խնդիրներ, որոնցից կարեւորագույնը նրա կառուցվածքային վերափոխումն է։

Գաղտնիք չէ, որ իր 50-ամյա գոյության ընթացքում Հայաստանի Գիտությունների ակադեմիան եղել է Խորհրդային Միության միասնական գիտական համակարգի մի օղակը, եւ հանրապետության գիտատեխնիկական պահանջները բավարարելուց առավել՝ գործել է այդ համակարգի զարգացման նկատառումներով ու պահանջներով։ Հայաստանի Գիտությունների ակադեմիան իր կառուցվածքով եւ գիտական բնագավառների ընդգրկմամբ գրեթե պատճենել է միութենական ակադեմիայի կառուցվածքն ու ընդգրկումը։ Հասկանալի պատճառներով նման դրությունը հազիվ թե համատեղելի է Հայաստանի ներկա ու ապագա պահանջների, առավել եւս՝ հնարավորությունների հետ։