Էջ:Ընտրանի.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






ԵԼՈՒՅԹ ՀԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

(24 հունիսի, 1989թ.) [1]


Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, խորապես մտահոգված ընթացիկ նստաշրջանի հակադեմոկրատիկ բնույթով, նրանում հնչած հիմնովին սխալ ու անհեռատես քաղաքական ծրագրով եւ հայ ժողովրդի իղձերի իրականացման համար ստանձնած պատասխանատվության զգացումով՝ իր պարտքն է համարում Հայաստանի գերագույն իշխանության ամբիոնից անելու հետեւյալ հայտարարությունը։

Չնայած պատմական դառը փորձին, չնայած հայ ժողովրդի կրած բազմաթիվ հիասթափություններին, մեր որոշ մտավորական գործիչների կողմից շարունակվում է տենդագին կերպով քարոզվել քաղաքականապես սնանկ եւ վտանգավոր այն մտայնությունը, որ Հայաստանը, շրջապատված լինելով այլակրոն, թշնամի ազգերով՝ իր գոյությունը կարող է պահպանել միայն որեւէ հզոր պետության հովանավորության շնորհիվ։ Այս մտայնությունը մեր ժողովրդին մատնում է բարոյական ստրկության եւ զրկում նրան քաղաքական պարտնյոր դառնալու հնարավորությունից, որը քաղաքականության մեջ հաջողության հասնելու երաշխիքն է։

  1. «Ղարաբաղ» կոմիտեի անունից հնչած այս ելույթի բնագիրը չի պահպանվել։ «Դրոշակը» այն հրապարակել է (հավանաբար ձայնագրությունից) «Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգիչ ելույթը» վերնագրով՝ իր կողմից խոստանալով հետագայում «դիրքորոշվել նման զարտուղի եւ դատապարտելի կեցվածքի մը նկատմամբ»։ Ուղղել ենք տպագրված տեքստում տեղ գտած ակնհայտ սխալները եւ վրիպումները։