Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գային նպատակներին հասնելու համար, կարող է հայ ժողովրդի վզին կրկին փաթաթել օտարի մերժված լուծը, մերժված իսպառ, մերժված հավիտյան։

Եթե ժողովուրդը չունի այս գիտակցությունը, եթե ամեն դժվարության առջեւ շարունակելու է ետ-ետ նայել, նշանակում է՝ նա ընդունակ չէ կերտել իր ապագան, ավելին՝ դատապարտված է կործանման։

Կարծում եմ, սակայն, որ Եւրոպայում շրջող հայտնի ուրվականով այլեւս հնարավոր չէ գայթակղեցնել հայ ժողովրդին, քանի որ, ի տարբերություն այլ երկրների, այդ ուրվականը Հայաստանում ունի ոչ թե սոցիալական, այլ բացառապես հակազգային բովանդակություն, այսինքն՝ այն ուղղված է նախ եւ առաջ Հայաստանի անկախության դեմ։ Կարծում եմ նաեւ, որ ժամանակն է՝ այդ ուրվականի վտանգից խուսափելու համար համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքում՝ բացառելով այդ միջոցով Խորհրդային Միության վերականգնման, հետեւաբար՝ անկախության կորստի հնարավորությունը։

Վստահ եմ, որ ազգային բոլոր առողջ ուժերը, վերանալով ներքին տարաձայնություններից ու քաղաքական պայքարի հոգեբանական պայմանականություններից, կպաշտպանեն օրենսդրական իմ այս նախաձեռնությունը՝ հանուն անկախության պահպանման, հանուն Հայոց պետականության ամրապնդման, որից ավելի վեհ խնդիր այսօր գոյություն չունի համայն հայության համար։

Իսկ որ Հայոց պետականությունը, բոլոր չար գուշակություններին հակառակ, կայանում ու քայլ առ քայլ ամրապնդվում է, որ հանրապետությունը գործնական հետեւողականությամբ ապացուցում է իր հավատարմությունը ժողովրդավարությանն ու տնտեսական բարեփոխումներին, որ Հայաստանն առայժմ հաջողությամբ նավավարում է տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների բարդ օվկիանոսում՝ արդեն իսկ իրողություն է, որը ոչ ոք չի կարող ուրանալ՝ առանց մեղք գործելու ճշմարտության եւ սեփական խղճի հանդեպ։

Պահպանելով ժողովրդավարական ձեռքբերումներն ու ներքին կայունությունը՝ Անկախության երրորդ տարվա ընթացքում Հայաստանը նկատելի հաջողությամբ շարունակեց իր առջեւ կանգնած երկու կարեւորագույն խնդիրների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կար