Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- կրճատվել է բյուջեի դեֆիցիտը։

Այս ամենը, որով Հայաստանը շահեկանորեն տարբերվում է ԱՊՀ մյուս երկրներից, ձեռք է բերվել բացառապես հանրապետության ներքին կարողությունների առավելագույն օգտագործման շնորհիվ՝ առանց արտաքին ներարկումների, չհաշված մարդասիրական օգնությունը, որի նշանակությունը բոլոր դեպքերում, սակայն, չպետք է թերագնահատել։ Սակայն ներքին կարողությունների սահմանափակության պատճառով՝ հանրապետության տնտեսական վիճակի հետագա բարելավումն անհնար է պատկերացնել առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների լուրջ օժանդակության եւ շոշափելի օտարերկրյա ներդրումների։

Այս առիթով գոհունակությամբ պետք է նշել հանրապետության կառավարության վարած հաջող բանակցությունները Միջազգային արժութային ֆոնդի եւ Համաշխարհային բանկի հետ, որոնց արդյունքում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարեմուտից վերջապես կստանա այնքան սպասված ու անհրաժեշտ ֆինանսական օգնությունը։

Իսկ օտարերկրյա ներդրումների հոսքը ակնհայտորեն կախված է խաղաղության գործընթացի խորացումից ու շրջափակումների վերացման հեռանկարից։

Թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, թե՛ հանրապետության տնտեսական վիճակի բարելավման ասպարեզում, այսպիսով, ես հակված եմ տեսնելու դրական տեղաշարժեր, որոնց ամրապնդումն ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում եւ ապագայում մեծապես պայմանավորված է Հայաստանի ներքին կայունությամբ, որն ընդհանրապես պետության բնականոն գործառնության միակ գրավականն է։

Պետք է նկատի ունենալ նաեւ, որ Հայաստանի քաղաքական կայունությունը, ներքին նշանակությունից բացի եւ որոշ առումով նրանից առավել, ձեռք է բերել տարածաշրջանային կայունության գործոնի կարեւորություն, որը համարժեքորեն էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից՝ ըստ էության հանդիսանալով մեր պետության հիմնական քաղաքական կապիտալներից մեկը՝ ժողովրդավարության եւ տնտեսական բարեփոխումների շարքում։