Էջ:Ընտրանի.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասատուրը, Թադեոս Ավդալբեգյանը, Արսեն Տերտերյանը եւ շատ ուրիշ լուսավոր գիտնականներ։

Մի քանի տարվա ընթացքում, փաստորեն, հաջողվեց նորաստեղծ համալսարանի շուրջ համախմբել եւրոպական մայրաքաղաքներում բարձրագույն կրթություն ստացած եւ ազգային ու համաշխարհային գիտական շրջանակներում արդեն իսկ ճանաչում գտած համարյա բոլոր մտավոր ուժերը՝ անգնահատելի մի հանգամանք, որը միանգամից ապահովեց Երեւանի համալսարանի՝ միջազգային չափանիշներին համապատասխանող գիտակրթական մակարդակը։

Համալսարանը սնուցող մյուս կենսական աղբյուրը Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի եւ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի կարողություններն էին, որոնց շնորհիվ նրա հիմքում դրվեց նաեւ հայ միջնադարյան մտքի լուսավորական ժառանգությունը, որն ակունք էր առնում գլաձորյան եւ տաթեւյան ավանդույթներից։

Այսպիսով, համալսարանի հիմնադրմամբ եւս մեկ անգամ ապշեցուցիչ հետեւողականությամբ դրսեւորվեց լայն առումով ընկալվող հայ հոգեւոր մշակույթի զարգացման անխախտ օրինաչափությունը. այն է՝ մի կողմից անմիջնորդ հաղորդակցությունը ժամանակի քաղաքակրթության ամենաբարձր նվաճումներին, մյուս կողմից՝ ազգային ավանդույթի ժառանգականության ապահովումը։

Բացառությամբ, թերեւս, անտիկ մտածողության, նման անմիջական ճանապարհով են Հայաստան թափանցել հաջորդաբար հելլենիզմի, ասորական ու բյուզանդական քրիստոնեաբանության, նորպլատոնականության գաղափարներն ու համակարգավորված ուսմունքները։ Հայ ժողովուրդը նաեւ առաջինն էր արեւելյան ազգերից, որ հետագայում նույնպիսի ոչ միջնորդավորված ճանապարհով եւ գրեթե անհապաղ յուրացրեց եւրոպական սխոլաստիկայի, Վերածնության ու Լուսավորության շրջանի գիտական արգասիքները։

Հայ մշակույթը երբեք չմնաց փոխառված գիտելիքների սոսկական պատճենողի դերում, այլ, ստեղծագործաբար յուրացնելով այդ բազմերանգ հարստությունը, ստեղծեց սեփական մտքի ձեւավորված համակարգը, որը, որպես անընդհատ կուտակվող ժառանգություն, փոխանցվեց սերնդե-սերունդ՝ հակառակ անկման ու վերելքի իրարահաջորդ ժամանակներին։