Էջ:Ընտրանի.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
* * *

Անցյալ տարվա ամենամեծ հաջողությունը, սակայն, պետք է համարել միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կայացրած որոշումը Հայաստանին հիմնարար տնտեսական աջակցություն ցուցաբերելու մասին, որ երկար սպասումներից ու ապարդյուն բանակցություններից հետո վերջապես հնարավոր դարձավ վերը նշված կայունացման միտումների, առկա զինադադարի եւ բարեփոխումների հաջող ընթացքի շնորհիվ։

Կարծում եմ, ամենեւին հարկ չկա հանգամանորեն անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջազգային արժութային հիմնադրամի կողմից համատեղ մշակված սոցիալ-տնտեսական ծրագրին, քանի որ նախ՝ այդ հարցը շուրջ երկու ամիս առաջ քննարկվել է խորհրդարանում, երկրորդ՝ խորհրդարանական քննարկումների ընթացքում ես ընդարձակ ելույթով արդեն արտահայտել եմ իմ տեսակետը, եւ երրորդ՝ շուտով այն կրկին կդառնա ձեր ուշադրության առարկան, կապված հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1995 թվականի ծրագրի եւ պետական բյուջեի նախագծի օրակարգային հարցի հետ։

Կուզեի բավարարվել միայն հիշեցնելով, որ այդ համալիր ծրագիրը, որը օտարերկրյա շոշափելի ներարկումներից բացի նախատեսում է նաեւ հանրապետության տնտեսական համակարգում լուրջ կառուցվածքային բարեփոխումներ, առաջին հերթին ուղղված է մակրոտնտեսական հավասարակշռության հաստատմանը, եւ նրա հիմնական արդյունքները սպասվում են հաջորդ՝ 1996 թվականին։ Սակայն բոլոր հիմքերը կան պնդելու, որ ընթացիկ տարում արդեն մեր ժողովուրդը պետք է զգա այդ ծրագրի իրականացման դրական հետեւանքները՝ մասնավորապես բնակչության ռեալ եկամուտների աճի եւ սոցիալապես թույլ պաշտպանված շերտերի կարիքների բավարարման առումով, մանավանդ նկատի ունենալով, որ ծրագրում, զուտ տնտեսական նպատակներից բացի, լուրջ ներդրումներ են նախատեսված նաեւ առողջապահության, կրթության, մշակույթի եւ գիտության ոլորտներում։