Էջ:Ընտրանի.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հուրդների կայացրած բոլոր որոշումները հանդիսանում են ժողովրդական կամքի արտահայտությունը։ Քաղաքական տեսակետից թերեւս սա է Հայաստանի դեմոկրատական շարժման ամենանշանակալից նվաճումը, որ ձեռք բերվեց ժողովրդի համառ պայքարի եւ դեպուտատների հետ տարված դժվարին բացատրական աշխատանքի հետեւանքով, որի նպատակն էր բարձրացնել նրանց պատասխանատվությունը ընտրողների հանդեպ։ Ժողովրդական զանգվածների հարաճուն ճնշման եւ դեպուտատների գիտակցականության բարձրացման շնորհիվ Ղարաբաղի մարզային եւ Հայաստանի Գերագույն խորհուրդները աստիճանաբար վերածվեցին քիչ թե շատ դեմոկրատական պառլամենտների, որոնց նիստերին մասնակցելու իրավունք ստացան նաեւ ոչ պաշտոնական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայաստանի խորհրդարանի գործունեության բարձրակետը հանդիսացավ 1988 թվականի նոյեմբերի 24-ի նստաշրջանը, որը, հակառակ իշխանությունների համառ դիմադրությանը, գումարվեց ժողովրդի նախաձեռնությամբ եւ դեպուտատների մեծամասնության կամքով։

4. Հայաստանյան շարժումը առաջնեկը հանդիսացավ նաեւ Խորհրդային Միության ընտրական համակարգի բարեփոխման գործում եւ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, կարողացավ ընտրությունները վերածել իսկական դեմոկրատական միջոցառման։ Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին կայացած՝ հանրապետության Գերագույն խորհրդի մասնակի ընտրությունների ընթացքում ժողովրդին հաջողվեց արմատական բեկում մտցնել ընտրությունների անցկացման քարացած կարգում եւ ընտրել իր սեփական ներկայացուցիչներին, հաջողություն, որ ավելի ամրապնդվեց ս.թ. օգոստոսի 27-ին տեղի ունեցած ընտրություններում։ 1988 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը, Մերձբալթյան հանրապետությունների Գերագույն խորհուրդների կողքին, մերժեց ընտրությունների անցկացման նոր օրինագծի եւ ԽՍՀՄ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հրամանագրի ընդունումը՝ նկատի ունենալով նրանց հակադեմոկրատական բնույթը։ Իսկ ս.թ. փետրվար ամսին ժողովուրդը պարզապես բոյկոտեց պարետային ժամի եւ զանգվածային բռնությունների առկայության պայմաններում անցկացվող