Էջ:Ընտրանի.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առթիվ ատոմակայանի աշխատակիցներին մաղթում եմ ամենայն բարիք՝ վստահություն հայտնելով, որ կայանի անխափան ու անվտանգ գործարկումը դուք կդիտեք ձեր սրբազան պարտականությունը եւ պետության պատվի խնդիրը։

Սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման իրողության, կենսական նշանակության շինարարական ծրագրերի իրականացման հանգամանքների կողքին 1995 թվականը, անշուշտ, Հայաստանի պատմության մեջ կմտնի նաեւ որպես ժողովրդավարության ամրապնդման եւ պետական համակարգի ամբողջացման շրջադարձային տարի։ Ես նկատի ունեմ հուլիսի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները եւ մանավանդ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման փաստը, որն, անկասկած, ունենալու է տեւական, կառուցողական արժեք՝ ապահովելով մարդու եւ քաղաքացու ազատություններն ու իրավունքները, պետության կայունությունն ու իշխանության մարմինների արդյունավետ գործունեությունը։ Այս կապակցությամբ ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր ողջ ժողովրդին՝ սահմանադրական հանրաքվեի ընթացքում դրսեւորած բարձր քաղաքացիական գիտակցության եւ իմաստուն կողմնորոշման համար։

Կարծում եմ, ինքնըստինքյան հասկանալի է, որ տնտեսական զարգացման եւ պետական շինարարության բնագավառներում արձանագրված վերոհիշյալ ձեռքբերումներն անհնար կլինեին, եթե ողջ տարվա ընթացքում չպահպանվեր Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարը, որը ես համարում եմ մեր ժողովրդի ամենաթանկ նվաճումը։ Միանգամայն անհերքելի է, որ ե՛ւ սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման դրական միտումները, ե՛ւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցության հաջող իրականացումը համարյա բացառապես պայմանավորված են ավելի քան մեկուկես տարի տեւող կայուն զինադադարով։ Մեր ժողովուրդը, դժբախտաբար, սեփական փորձով ճանաչեց պատերազմի եւ խաղաղության հակոտնյա անդրադարձները։

Խաղաղությունն, ըստ այդմ, պետք է դիտել որպես մեր գոյության, մեր ապահովության, մեր տնտեսական բարգավաճման միակ պայման, որովհետեւ մյուս անհրաժեշտ պայմանները՝ իմաստությունը,