Էջ:Ընտրանի.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտավոր ունակությունը, քաջությունը, տոկունությունը եւ ձեռներեցությունը մեր ժողովրդին չեն պակասում։

Ուստի առաջիկա տարվա մեր առաջնահերթ խնդիրն եմ համարում առկա զինադադարի վերածումը կայուն խաղաղության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծման հիման վրա։

Խաղաղության պարագայում ես մեր երկրի ու ժողովրդի լուսավոր ապագային չեմ կասկածում։ Չեմ կասկածում նաեւ, որ մեր սերնդի օրոք Հայաստանն արժանապատվորեն տեղ է զբաղեցնելու քաղաքակիրթ պետությունների իրավահավասար ընտանիքում։

Կուզեի սա դիտվի ո՛չ որպես հավուր պատշաճի հնչած լավատեսություն, այլ որպես մեր նեղ կացության մեջ նշմարվող լույսի դիտարկման արդյունք։

Սիրելի հայրենակիցներ, ի տարբերություն նախորդ տարիների, ես ձեզ կոչում եմ արդեն ոչ թե տոկունության, համբերության, այլ խաղաղ, ստեղծագործ աշխատանքի՝ ի բարօրություն եւ ի փառս մեր հնգամյա անկախ հանրապետության։

Շնորհավոր նոր տարի։

ՀՀԱՆԱ, 28/31.12.95։ Բնագիր։ Ինքնագիր։