Էջ:Ընտրանի.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բուդապեշտյան գագաթնաժողովից հետո ընկած ժամանակամիջոցում Հայաստանն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքներին։ Ի լրումն այդ գործընթացի, Հայաստանը հանդես է եկել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության նախաձեռնությամբ՝ նրա հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման նպատակով։

Սակայն այս գագաթնաժողովում, մեզ թվում է, Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի բոլորի կողմից ընդունված տրամաբանությունը։

Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։

Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։

Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է։

Այդուհանդերձ, Հայաստանը, վերահաստատելով հրադադարի պահպանման իր պարտավորությունը, պատրաստակամություն է հայտնում շարունակելու կառուցողական մասնակցությունը բանակցությունների գործընթացին՝ ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ ուղղակի երկխոսությամբ հակամարտությունը բանական եւ արդարացի փոխզիջման հիման վրա շուտափույթ կարգավորելու նպատակով։

Պարոն նախագահ,

Ներկայի շուրջ լարված բանակցություններում անգամ մենք չպետք է մոռանանք ապագայի մասին։ Իսկ տարածաշրջանի ապագա անվտանգությունն անհնար է առանց տարածաշրջանային լայն համագործակ