Էջ:Ընտրանի.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Ինձ ցույց տվեք որեւէ իշխանություն, լինի դա Եւրոպայում, թե Ամերիկայում, որի հեղինակությունը ժամանակի ընթացքում չի ընկել. եթե այդպես լիներ, իշխանությունները երբեք չէին փոխվի։

Ժողովրդավարական երկրներում իշխանությունների եւ ընդդիմության քարոզչական պայքարն ի վերջո ավարտվում է իշխանությունների պարտությամբ. եթե այդպես չլիներ, իշխանություններն էլ երբեք չէին փոխվի։

Իշխանությունների եւ ընդդիմության քարոզչական պայքարն ուղղված է ոչ թե միմյանց համոզելու, այլ ժողովրդի վստահությունը շահելու նպատակին։ Իշխանություններն ինչ էլ ասեն, միեւնույն է՝ ընդդիմությունը չի փոխելու իր տեսակետը, եւ հակառակը՝ ընդդիմությունն ինչ էլ ասի, իշխանությունները չեն ընդունելու նրա ասածները։

Ժողովրդավարական հասարակարգերում գրեթե իսպառ բացակայում է ինքնաքննադատությունը, որովհետեւ քննադատողներն այնքան շատ են, որ դրա կարիքը չկա։ Ինքնաքննադատությունը հատուկ է ամբողջատիրական վարչակարգերին, բայց դա ոչ այլ ինչ է, եթե ոչ փարիսեցիություն։ Ցուցադրական ինքնաքննադատությամբ զբաղվում էր սովետական բռնատիրությունը, որովհետեւ քննադատությունը խստիվ արգելված էր, եւ ժողովրդավարության պատրանք ստեղծելու այլ միջոց չկար։ Սա՝ իմիջիայլոց։

Վերադառնալով ժողովրդավարական հասարակարգերին, ապա նրանց շարժիչ ուժն, ինչպես տեսնում ենք, ընդդիմության եւ իշխանությունների անընդհատ քաղաքական հակամարտությունն է, որը ժամանակավորապես լիցքաթափվում է պարբերաբար տեղի ունեցող ընտրությունների միջոցով։

Հայաստանյան իրականությունը ոչնչով չի տարբերվում այս ընդհանուր պատկերից, այդ պատճառով ՀՀՇ-ն ամենեւին կարիք չունի խուճապի մատնվելու։

Ընդդիմադիր ուժերն անողոք ու անհաշտ են ամենուրեք, նրանք ճգնաժամ ու համընդհանուր կործանում են ահազանգում այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն եկել իշխանության գլուխ։

Սակայն, երբ փոխվում են իշխանությունները, փոխվում են նաեւ կողմերի դերերը. նախկին իշխանությունները հայտնվում են հարձակվող ընդդիմության, իսկ նախկին ընդդիմությունը՝ պաշտպանվող իշխանության դերում։