Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկատի ունենալով համընդհանուր այս օրինաչափությունները՝ մենք պետք է չափազանց սառնասրտորեն վերաբերվենք ՀՀՇ-ի վարկանիշի անկման փաստին։

Բոլոր դեպքերում, կարծում եմ, ՀՀՇ-ի վարկանիշն այսօր շատ ավելի ցածր կլիներ, եթե Հայաստանում ընդդիմություն գոյություն չունենար. կասկածում եմ անգամ, որ մենք կկարողանայինք իշխանության գլուխ մնալ ամբողջ յոթ տարի։

Ընդդիմության բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնում է իշխանությունների եւ իշխող կուսակցության պատասխանատվության նվազման, զգոնության թուլացման, ի վերջո՝ լճացման ու այլասերման։ Այնպես որ՝ մենք երախտապարտ պետք է լինենք ընդդիմությանը, որի շնորհիվ կարողանում ենք պահպանել մեր կենսունակությունը։

Եթե մեր միակ մտահոգությունը կուսակցության վարկանիշը դիտվեր, ապա մեկ-երկու տարի առաջ իշխանությունը պետք է հանձնեինք ընդդիմությանը. չեմ կասկածում, որ ՀՀՇ-ի վարկանիշն այսօր տասնապատիկ ավելի բարձր կլիներ։

Իշխանությունների կամ իշխող կուսակցության վարկանիշն, այսպիսով, հարափոփոխ հասկացություն լինելով, ամենեւին էլ նրանց հեղինակության կամ գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշը չէ։

Որեւէ իշխանության քիչ թե շատ ճշմարիտ գնահատականը կարելի է տալ միայն՝ նրա գործունեությունը համեմատության մեջ դնելով երկրի նախորդ կամ հաջորդ իշխանության գործունեության հետ։

ՀՀՇ-ն, դժբախտաբար, զրկված է համեմատվելու հնարավորությունից, քանի որ առայժմ Հայաստանի նորանկախ պետականության միակ իշխանությունն է։ Մնում է սպասել, ուրեմն, ժամանակի քննությանն ու պատմության դատաստանին։

Իսկ ընդամենը մեկ-երկու տասնամյակ հետո մոռացվելու է այն ամենը, ինչ ՀՀՇ-ի եւ Հայաստանի ներկա իշխանությունների հասցեին ասվում է այսօր, մոռացվելու են բոլոր իրական հոգսերն ու դժվարությունները, մոռացվելու են շատ անուններ ու իրադարձություններ, եւ պատմությունը պարզապես արձանագրելու է հետեւյալ չոր փաստերը.

- ՀՀՇ-ի օրոք Հայաստանը վերանվաճեց իր անկախությունը. - ՀՀՇ-ի օրոք Արցախը շահեց ազատագրական պատերազմը.