Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա պահանջում է չեղյալ համարել խորհրդարանական, նախագահական եւ տեղական ընտրությունները, վերացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, լուծարել մարզպետարաններն ու տեղական ինքնակառավարման մարմինները, վերանայել հարեւան պետությունների հետ վարվող խաղաղասիրական քաղաքականությունը, դադարեցնել տնտեսական բարեփոխումներն ու սեփականաշնորհման գործընթացը՝ եւ այս ամենը քողարկելով հայրենասիրության, սոցիալական դեմագոգիայի ճոռոմ ու հավակնոտ տերմինաբանությամբ։

Ընդդիմության այդ թեւն իրականում խնդիր է դնում քանդել ամեն ինչ, խարխլել պետության հիմքերը եւ երկիրը վերադարձնել, լավագույն դեպքում, 1991 թվականի վիճակին՝ ժողովրդին վերապահելով անցած տարիների ողջ տառապանքներն ու դժվարությունները վերապրելու ահավոր բեռը։

Խղճի խայթ պետք չէ. Ժողովուրդն արժանի է նման խիստ պատժի, որովհետեւ չի գիտակցել, որ յոթ տարի շարունակ սխալ է ապրել, սխալ ընտրություն կատարել ու հեղափոխականների արժանիքը չի գնահատել։

Հեղափոխականությունն, այսպիսով, մնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենալուրջ վտանգը՝ լուրջ նաեւ այն պատճառով, որ այն խրախուսվում է որոշ օտար ուժերի կողմից, նրանց հնարավորություն տալով միջամտելու մեր ներքին գործերին։ Չեմ ուզում գերագնահատել, բայց այդ գործոնն առկա է, եւ միամտություն կլիներ կարծել, թե օտարները չպետք է օգտվեն մեր ներքին հակասություններից։

Հեղափոխականության հաղթահարումն, ուստի, պետք է դառնա մեր մտավորականության, հասարակական կազմակերպությունների, առողջ քաղաքական ուժերի, վերջապես՝ ողջ ժողովրդի գերագույն խնդիրը։

Այստեղ է, որ ՀՀՇ-ն պետք է դրսեւորի բացառիկ քաղաքական կամք եւ եռանդուն բացատրական կարողություններ՝ օգտագործելով քարոզչական բոլոր քաղաքակիրթ միջոցներն ու օրինական հնարավորությունները։

Սա նախ եւ առաջ ՀՀՇ-ի ու մյուս կառուցողական ուժերի պարտքն է, որովհետեւ գաղափարախոսական պայքարը պետք է մղվի ոչ թե իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, քանզի դա միշտ կարող է շահարկվել օտարների կողմից, այլ՝ հորիզոնական մակարդակով, այն է՝ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների միջեւ։