Էջ:Ընտրանի.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճակի առջեւ է կանգնեցրել թե՛ կենտրոնական, թե՛ ադրբեջանական իշխանություններին, քանի որ արցախահայության ինքնորոշման իրավունքն այժմ արդեն հնարավոր է ոտնահարել միայն դիմելով մեծ մասշտաբի բռնության։ Սակայն այդպիսի բռնություն կարող է կիրառվել միայն խորհրդային ռեժիմի ընդհանուր խստացման դեպքում, իսկ դա առայժմ բացառվում է ե՛ւ միջազգային քաղաքական իրադրության, ե՛ւ երկրի դեմոկրատացման կենսական անհրաժեշտության տեսանկյունից։ Հայ ժողովրդի դեմ բռնություն գործադրելու հարցը շոշափում է երկրի լինել-չլինելու կամ նրա զարգացումը մի քանի տասնամյակով կասեցնելու խնդիրը։ Այնպես որ, բռնության գինն այնքան թանկ է, որ խորհրդային ղեկավարությունը դժվար թե առայժմ ցանկանա Արցախի խնդրով վտանգի տակ դնել երկրի ճակատագիրը։

Ինչպես տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար ներկայումս ստեղծվել են չափազանց նպաստավոր պայմաններ, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ դրանով շահագրգռված են ինչպես երկրի բոլոր դեմոկրատական ուժերը, այնպես էլ բոլոր ինքնավար ազգային կազմավորումները։ Առաջիններն այդ հարցը դիտում են որպես վերակառուցման փորձաքար, իսկ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասի եւ մերձվոլգյան շրջանների մահմեդական եւ թուրքական ժողովուրդները՝ որպես սեփական նպատակների իրագործման օրինակ։ Սակայն միայն նպաստավոր պայմանները դեռեւս բավարար չեն Արցախի խնդրի լուծման համար, քանի որ փորձը ցույց է տալիս, որ Մոսկվան իր զիջումներով առայժմ մեզ տվել է միայն այն, ինչ մենք ինքներս ենք նվաճել, եւ այսուհետեւ էլ կտա միայն այն, ինչ մենք ինքներս կարող ենք նվաճել։

Ուրեմն անհրաժեշտ է ձեռնարկել նոր քաղաքական գործողություններ, որոնք կարող են առաջիկայում արմատական բեկում մտցնել Արցախի հարցի կարգավորման գործում։ Պարզ է, որ պայքարի այն միջոցները՝ ցույցերը, միտինգները, երթերը, գործադուլները, հացադուլները եւ այլն, որոնք այնքան ազդեցիկ էին անցյալ տարի, արդեն զգալիորեն կորցրել են իրենց քաղաքական նշանակությունը, քանի որ այժմ նման իրադարձություններ տեղի են ունենում երկրի բոլոր կողմերում։ Ուստի մեր պարտքն է հանդես գալ այնպիսի նոր նախաձեռնություններով, որոնք հնարավորություն տան հասնելու բաղձալի նպատակին։