Էջ:Ընտրանի.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ վերջապես, տնտեսական բարեփոխումները։ Հնարավոր է, ինչ-որ սխալներ գործել ենք, բայց այստեղ շատ հետեւողական ենք եղել։ Եւ կարծում եմ, որ մեր ամենամեծ ձեռքբերումը հողի սեփականաշնորհումն էր։

― Հայաստանն այդ հարցում առաջի՞նն էր։

― Առաջինն ու առայժմ՝ միակը։ Այն ժամանակ մեզ մեղադրում էին, բայց հիմա թող ինչ-որ մեկը փորձի այդ մարդկանցից ետ վերցնել հողը։ Տեսնենք կենդանի կմնա՞։ Ինձ համար դա ամենագլխավոր փաստարկն է։ Այո, ասում են, որ հողը սեփականաշնորհեցին, իսկ տեխնիկա չտվեցին։ Բայց եթե սովխոզները, կոլխոզները պահպանվեին, ընդհանրապես ոչ մի միավոր տեխնիկահիմա մնացած չէր լինի, բոլորը կթալանվեին։ Հողի սեփականաշնորհումը Հայաստանը փրկեց սովից։ Թեկուզ գյուղացիները միայն իրենք իրենց կերակրեին, դա արդեն մեկ ու կես միլիոն մարդ էր՝ այն պահին, երբ հարյուր կամ երկու հարյուր տոննա լրացուցիչ հացահատիկ ուղղակի տեխնիկապես հնարավոր չէր ներկրել Հայաստան ո՛չ օդով, ո՛չ ցամաքով։

― Հայ տնտեսագետներն, իրոք, «հարվարդյան» տպավորություն են թողնում, եւ դա ամրապնդվում է այն փաստով, որ Հայաստանում, ի տարբերություն Ռուսաստանի, այդ տնտեսագետներն այս ամբողջ ընթացքում իշխանության ղեկին են։ Բայց ինչպես ռուսական կապիտալիզմի մեջ նկատվում են բացարձակապես յուրահատուկ նրբերանգներ, այնպես էլ լիբերալ հայկական տնտեսությունում ձեր փորձագետների մեծամասնությունը որպես արատ նշում է կլանայնությունը։

― Այո, դա մեզանում կոչում են կլանայնություն։ Բայց այստեղ նույնպես պետք է հստակեցնել արտահայտությունները… (Դադար։) Ես դրան չեմ հավատում։ Մեզ մոտ ավելի շատ սեփականատերեր կան, քան դա թույլ է տալիս կլանայնությունը։ Եթե, անշուշտ, մենք վերջինս հասկանում ենք որպես տարածքների եւ գործունեության ոլորտների բաժանում։ Նման մենատիրային տարածքներ ու ոլորտներ Հայաստանում գոյություն չունեն։

― Իսկ եթե կլանայնությունը հասկանանք որպես տնտեսական կամ քաղաքական ազդեցությունների ոչ բացահայտ, եւ, այսպես ասենք՝ ոչ շուկայական կենտրոնների գոյության ձե՞ւ։