Էջ:Ընտրանի.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Բայց Ղարաբաղում որոշակի զգուշավորությամբ են հետեւում Երեւանի պահվածքին՝ այդ ի՞նչ նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած տարի՝ Ղարաբաղի Նախագահին ցանկանալով մեծ ճկունություն՝ բանակցային գործընթացում։

― Իսկ ի՞նչ կա որ, ճկունությունը դեռեւս ոչ մեկին չի խանգարել։ Ես այսօր էլ ղարաբաղցիներին մեծ ճկունության կոչ եմ անում։ Ղարաբաղի ղեկավարության վերջին արտահայտությունները ես համարում եմ ամենեւին ոչ ճկուն։

― Ուրեմն իմ հերթն է՝ տերմինները ճշտելու։ Ի՞նչ եք տվյալ դեպքում հասկանում ճկունություն ասելով։

― Նախ, չի կարելի լինել ոչ կառուցողական։ Հենց այնպես մերժել որեւէ առաջարկ՝ սաբոտաժ է։ Հայաստանն էլ բանակցությունները վարում է շատ սկզբունքայնորեն եւ շատ կոշտ։ Բայց մենք միշտ հանդես ենք գալիս կառուցողաբար։

― Կարո՞ղ եք սաբոտաժի օրինակներ բերել։

(Ծիծաղում է։) Ես չեմ ասում, թե նրանք սաբոտաժ են անում։ Պարզապես բանակցությունները հենց նրա համար են բանակցություն, որ փոխզիջումներ գտնվեն։ Բայց եթե դու հենց սկզբից ասում ես, թե չեմ ընդունում ոչ մի ուրիշ որոշում, բացի անկախությունից, բացի Հայաստանի հետ միավորվելուց, ուրեմն դու մերժում ես բանակցություններն ընդհանրապես։ Դա վերաբերում է նաեւ Ադրբեջանին։ Եթե Ադրբեջանն ասում է, թե որեւէ կարգավիճակ Ադրբեջանի սահմաններից դուրս չի ընդունում, նշանակում է նույնպես մերժում է բանակցությունները։

Ճկունություն ասելով, ես ամենեւին չեմ հասկանում խորամանկություն կամ քարոզչական մանիպուլիացիաներ։ Ճկունությունը հարգանք է դեպի միջազգային ընդունված նորմերը։ Ոչ թե սկզբունքները, այլ հատկապես պահվածքի նորմերը, որոնց պետք է ենթարկվեն նաեւ ղարաբաղցիները։ Չի կարելի մարտահրավեր նետել ամբողջ միջազգային հասարակայնությանը եւ միջազգային կարգուկանոնին։ Հարկավոր է փնտրել լուծումներ այդ նորմերի սահմաններում։ Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը, ո՛չ անգամ Ռուսաստանը հիմա չեն կարող թելադրել նոր միջազգային կարգ։