Էջ:Ընտրանի.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ակնհայտ է, որ այդ նոր նախաձեռնությունները պետք է ամփոփվեն խորհրդային Սահմանադրության եւ միջազգային իրավունքի այն նույն սահմաններում, որոնցում Արցախյան շարժումն ընթացել է մինչ օրս։ Այդ իմաստով անհրաժեշտ է լիովին ձերբազատվել հարցերի զգացական, անիրապաշտ ընկալումից եւ նրանց նկատմամբ հանդես բերել սառը քաղաքական-պետական մոտեցում։ Անժխտելի է, իհարկե, որ արցախյան խնդրի հիմքում ընկած է հայ ժողովրդի պատմական իրավունքի գաղափարը, եւ տվյալ առումով այն կազմում է Հայկական հարցի բաղկացուցիչ մասը։ Սակայն գործնական քաղաքականության տեսակետից՝ այդ խնդրի ձուլումը պատմական Հայաստանի մյուս տարածքների նկատմամբ հայ ժողովրդի ունեցած նույնքան արդար պահանջների հետ՝ այսօր ոչ միայն չի կարող նպաստել հարցի լուծմանը, այլեւ ավելի եւս կբարդացնի այն։

Արցախահայության ինքնորոշման իրավունքի կենսագործման փաստն արձանագրելով՝ Շարժումը կարողացավ ի դերեւ հանել ղարաբաղյան խնդիրը որպես ազգամիջյան եւ կրոնական առճակատում ներկայացնելու կամ Հայաստանի կողմից տարածքային պահանջ դիտելու փորձերը։ Արցախի ինքնորոշումը լիովին տեղադրվում է միջազգային իրավունքի սահմաններում եւ այդ առումով միանգամայն հասկանալի է ե՛ւ երկրի դեմոկրատական ուժերի, ե՛ւ միջազգային հասարակայնության համար։ Ուստի ակնհայտ է, որ մեր հաջորդ քայլերը նույնպես պետք է համապատասխանեն այդ պահանջներին։

Այս առումով, տվյալ քաղաքական հանգամանքներում միանգամայն խոցելի է այն տեսակետը, որով առաջարկվում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջիկա նիստերից մեկում Արցախը հայտարարել Հայաստանի անբաժան մասը, քանի որ դա արդեն կարող է ներկայացվել իբրեւ միջազգային իրավունք ի կոպիտ խախտում եւ հաստատել Հայաստանի տարածքային նկրտումները Ադրբեջանի նկատմամբ։ Քաղաքական տեսակետից նման որոշման կայացումը կլիներ անուղղելի սխալ, քանի որ դրանով կասկածի տակ կդրվեր նաեւ արցախահայության ինքնորոշման փաստի իրավացիությունը։

Միջազգային իրավունքի պահանջները եւ հասարակական կարծիքը բավարարելու տեսակետից, սակայն, կա Արցախի հարցի լուծման մի ավելի նուրբ եւ անխոցելի ճանապարհ։ Ո՞րն է դրա էությունը.