Էջ:Ընտրանի.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քում, սպասվում է մոտ կես տարի հետո։ Իսկ որ ղարաբաղյան խնդիրն այս հարցում իսկապես խոչընդոտ է, սա էլ գաղտնիք չէ։ Բոլորի համար էլ ցանկալի կլիներ, որ այս հարցը լուծված լիներ, եւ նավթամուղն անցներ Հայաստանով, որովհետեւ Հայաստանը Բաքվից Ջեյհան ամենակարճ ճանապարհն է։ Մենք ժամանակին առաջարկել էինք նաեւ, որ այս երկու հարցերը անջատվեն իրարից։ Կարելի էր ամենեւին չպնդել, որ նավթամուղը պետք է անցնի հարավային ճանապարհով, այսինքն՝ հակամարտության գոտով (դա վերաբերում է Ֆիզուլու, Ջեբրայիլի եւ Զանգելանի շրջաններին, այնուհետեւ Մեղրիով դեպի Նախիջեւան), այլ դիտարկել հյուսիսային ճանապարհը, որը կապ չունի հակամարտության գոտու հետ։ Այս տարբերակը նույնպես գտնվում է փորձագետների փաթեթում։ Այնուամենայնիվ, մենք չպետք է մոռանանք, որ այդ հարցի լուծումն իսկապես կապված է Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ։

ԷԼԻՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, «Միր» ընկերություն– Սեպտեմբերի 22-ին «Թուրան» գործակալությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, թե իբր Յուկալովը հայտարարել է լրագրողներին, թե հայկական կողմը համաձայնվել է ղարաբաղյան խնդրի փուլ առ փուլ կարգավորման տարբերակին։ Նույնը պնդեց նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը։ Որքանով է դա համապատասխանում իրականությանը, եւ որոնք են համանախագահողների վերջին հանդիպման արդյունքները։

― Գիտեք ինչ, Բաքվում սովորություն կա միջնորդների անունից՝ (Յուկալովի, իսկ դրանից առաջ Կազիմիրովի, Լամբախի անունից) հայտարարություններ անել, որոնք հետագայում հերքվում են։ Ես այսօր, չունենալով Յուկալովի անմիջական կարծիքը, չեմ կարող մեկնաբանել այդ միջնորդավորված հաղորդագրությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, դրա մասին եղավ Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը, որը կարծում եմ սպառիչ էր։ Վստահ եմ, այս լսարանում բազմաթիվ հարցեր կլինեն ԼՂ հարցի լուծման առնչությամբ, գուցե հնարավորություն կունենամ ավելի հանգամանորեն խոսել Հայաստանի մոտեցումների մասին եւ միջնորդական այն առաջարկների մասին, որոնք ներկայացվել են։