Պատրաստ ենք այսօր եւեթ, այս վայրկյանին, առանց որեւէ նախապայմանի Թուրքիայի հետ սկսել լուրջ առեւտրատնտեսական հարաբերություններ, բացել սահմանները, Թուրքիային տրամադրել մեր ճանապարհները տարանցիկ առեւտրի համար։ Թուրքիան նույնպես, կարծեք թե, այդ ամենին համաձայն է, բայց իր համար ստեղծել է մի թակարդ, որից չի կարողանում դուրս գալ, քանի որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը նա կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման, մասնավորապես, ԼՂ խնդրի կարգավորման հետ։ Մենք փորձեցինք նրանց ապացուցել, համոզել, որ նրանք պետք է կարողանան անջատել հայ-թուրքական հարաբերությունների բարեկարգումն ու նորմալացումը հայ-ադրբեջանական հարաբերություններից, սակայն դա չհաջողվեց։ Միգուցե մենք ենք մեղավոր, որ լավ չենք բացատրել։ Ինչեւէ, ես գտնում եմ, որ եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է նպաստել ԼՂ հարցի լուծմանը, որը նա, ըստ էության, դարձրել է հարաբերությունների բարելավման նախապայման, ապա, սա իմ խորին համոզումն է, Թուրքիան իր նպատակներին շատ ավելի հեշտությամբ կհասներ, եթե մինչեւ հիմա բարելաված լիներ իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ Թուրքիան կնպաստեր նաեւ ԼՂ հարցի խաղաղ լուծմանը։
ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, «Արմենպրես» ― Պարոն Նախագահ, վերջին տարիներին մեր քաղաքական գործիչների կողմից հատկապես շատ է խոսվում ազգային գաղափարախոսության, ազգային ծրագրերի անհրաժեշտության մասին, իսկ Դուք մի առիթով նշեցիք, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Կարելի՞ է իմանալ, դա ինչ մեկնություն ուներ՝ քաղաքակա՞ն, գիտակա՞ն թե՞ փիլիսոփայական, եւ արդյո՞ք Դուք ընդունում եք անհատի գործոնը պատմության մեջ եւ մասնավորապես մեր պետության կայացման գործում։
― Ես արտահայտել եմ ո՛չ փիլիսոփայական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ գիտական միտք։ Ես արտահայտել եմ ընդամենը շատ պարզ, մարդկային միտք, որը բխում է ժողովրդավարության իմ հասկացողությունից։ Ես ասել եմ՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատե