Էջ:Ընտրանի.djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ, «Նոր հազարամյակ» ամսագիր ― Պարոն Նախագահ, ես իմ հարցը տալիս եմ՝ ելնելով այն համոզումից, որ Դուք հակված չեք Ձեզ համարել անսխալական։ Ասացեք խնդրեմ, եթե Ձեզ հնարավորություն տրվի ուղղելու Ձեր կառավարման ժամանակահատվածում կատարած որեւէ սխալ, Դուք ո՞ր սխալը կնախընտրեիք ուղղել։

― Դժվար հարց եք տալիս։ Մեկ սխալ չէի ուղղի. հավանաբար, տասնյակ սխալներ կուղղեի։ Երբեմն կարելի էր ավելի ճիշտ կողմնորոշվել կադրերի ընտրության հարցում։ Ոչ միայն ես, այլ նաեւ մեր ողջ գործադիր իշխանությունը՝ կարող էինք ավելի համարձակ լինել տնտեսական բարեփոխումների իրականացման գործընթացում։ Մենք ունեցել ենք, այո, ե՛ւ վրիպումներ, ե՛ւ հապաղումներ։ Պատմությունը հետին թվով դատելիս միշտ կարելի է այնպես սրբագրել, որ ստեղծվի իդեալական գործունեություն։ Այնպես որ՝ ես մեկ սխալ չէ, տասնյակ սխալներ կնշեմ։

ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ, «Լրաբեր» ― Պարոն Տեր-Պետրոսյան, Ձեր կարծիքով, աջ բլոկի կազմավորումը չի՞ դանդաղում արդյոք, եւ այդ կապակցությամբ 99 թվականի խորհրդարանական ընտրություններում Ձեր կարծիքով, ո՞ր ուժերը պետք է հիմնականում մրցակցեն։

― Ես չեմ կարծում, որ դանդաղում է, եւ ̧ուք ճիշտ ժամկետ նշեցիք։ Այդ աջ ուժերի նոր միջկուսակցական կամ արդեն միակուսակցական դաշինքը լիովին ձեւավորված կլինի 1999 թ. ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Դա նշանակում է, որ առնվազն այս ուժը լրջորեն կմասնակցի այդ ընտրություններին։ Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ես չեմ կարող ասել, թե նրանք ինչպես կարող են կազմակերպվել եւ ինչ փաստարկներ կարող են բերել այս ուժի դեմ։

ԱՎԵՏ ԴԵՄՈՒՐՅԱՆ, «ՌԻԱ Նովոստի» եւ «Առկա» գործակալություններ ― Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում տեղեկատվական թափանցիկությանը սեփականաշնորհման գործընթացում։ Եւ այս առիթով՝ որքանո՞վ դա կաջակցի հայ- ռուսական տնտեսական հարաբերություններին։

― Եթե ճշտեիք հարցը. ի՞նչ է նշանակում թափանցիկություն։ Ձեր հարցից ես ենթադրում եմ, որ սեփականաշնորհման գործընթացը գաղտնի է պահվում, աճուրդները թաքցվում են մեր լրագրողներից, այո՞, այդպիսի փաստե՞ր կան։