Բայց բոլոր դեպքերում կան նաեւ ուրախալի երեւույթներ, սա էլ պիտի նշեմ։ Գոնե հիմա արտաքին քաղաքականության մեջ նկատվում է ուժերի համախմբում, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում ծագած բարդությունների ֆոնի վրա։ Սփյուռքում նկատվում է ուժերի համախմբում, եւ կազմակերպությունները, որոնք ժամանակի ընթացքում բացարձակապես իրար հետ համագործակցելու մտադրություններ չէին դրսեւորել, արդեն մասնակցում են համատեղ գործողությունների՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի։ Ես կարող եմ ասել՝ Հայաստանին օգնելու հարցում Հայկական համագումարը եւ դաշնակցությունն արդեն շատ լավ համագործակցում են։ Ալիեւի՝ ԱՄՆ կատարած այցելության ընթացքում այդ համագործակցությունը նույնպես չափազանց արդյունավետ էր, նույնը՝ 907 օրինագծի պահպանման հարցում մղվող պայքարում, որում ե՛ւ դաշնակցությունը, ե՛ւ Հայկական համագումարը գործում էին միասնաբար։ Մենք տեսանք՝ եթե անգամ երկու կազմակերպություն միանան, որքան մեծ հաջողությունների կարելի է հասնել։ Մենք չենք ասում՝ մե՛զ միացեք։ Նախ եւ առաջ Սփյուռքը թող միանա ինքն իրեն։ Սփյուռքի բոլոր կազմակերպությունները թող միանան։ Դրանից հետո մեր եւ Սփյուռքի միացումը որեւէ խնդիր չի հարուցի։
Հիմա՝ երկքաղաքացիության մասին։ Այդ մասին ես իմ կարծիքը հայտնել եմ։ Ես կարծում եմ, Սփյուռքը պիտի այնքան մեծահոգություն ունենար, որ հասկանար, թե մենք ինչու ենք մերժել երկքաղաքացիությունը։ Դա պիտի հասկանար։ Ես փորձել եմ դա բացատրել։ Մենք ունենք շատ լուրջ խնդիրներ։ Եթե մենք հայտարարած լինեինք երկքաղաքացիություն, այսօր մենք բանակ չէինք ունենա։ Սփյուռքը կուզե՞ր, որ Հայաստանը բանակ չունենար։ Սփյուռքը կուզե՞ր, որ Արցախն այս վիճակում չլիներ, պարտված լիներ։ Մենք բանակ չէինք ունենա, եւ դա մեր ամոթն ու խայտառակությունը կլիներ։ Շատ հայ երիտասարդներ պարզապես Հայաստանից փախել են իրենց ընտանիքներով՝ բանակում ծառայելուց խուսափելու համար։ Եթե նրանք երկքաղաքացիություն ունենային, չէին փախչի, բայց նրանցից ոչ մեկը չէր ծառայի մեր բանակում։ Կգտնվեին կամավորներ, որովհետեւ մեր ժողովուրդը միշտ էլ հերոսներ ծնել է։ Կունենայինք հինգ հազարանոց, տաս հազարանոց անձնազոհների, մահապարտների, հերոսների ջոկատ, բայց դա բանակ չէր լինի։ Բանակում ծառայելը քաղաքացիական պարտականություն է,