Էջ:Ընտրանի.djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ ավելի ընկնելու է։ Կա՛մ էլ, եթե ուզում է լավ ապրել, ուզում է զարգացնել իր տնտեսությունը, պետք է քաջություն ունենա, համարձակություն ունենա գնալ լուրջ փոխզիջումների, ես չեմ ասում զիջումների։

Դուք շատ համարձակ եք ընդհանրապես։ Լրագրողները հիմա ամենաքաջ, ամենահերոս մարդիկ են մեր հասարակության մեջ։ Ավելի քաջը չկա։ Ում ուզում եք՝ հայհոյում եք, ում ուզում եք՝ սուզում եք, ում ուզում եք՝ խայտառակում եք։ Քաջություն ունեցեք նայելու իրականությանը եւ բանավեճ բացելու։ Դրեք, հաշվարկներ կատարեք, թե ուր կհասնենք, եթե այս վիճակը պահպանվի եւս 5–10 տարի։ Դժվար չէ հաշվել։ Մենք մեզ համար արել ենք այդ հաշվարկները։ Հայաստանը նորմալ պետություն չի դառնա, եւ լավ չեք ապրի, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ շրջափակումները չվերանան։

ՄԱՐԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Այժմ» ― Պարոն Տեր-Պետրոսյան, անցած տարիների ընթացքում Դուք մի քանի խորհուրդ եք տվել մեր բնակչությանը, թե ինչպես հայթայթել գոյության միջոցներ։ Այն է՝ դիմել բարեկամներին կամ պարտք վերցնել հարեւաններից, կամ վաճառել ունեցվածքը։ Իսկ հիմա, երբ այս միջոցները սպառված են, Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք այդ մարդկանց, այն քաղաքացիներին, որոնք ստանում են երեք կամ հինգ հազար դրամ աշխատավարձ։

― Դուք ո՞ր թերթն եք ներկայացնում։

Մարինա Գրիգորյան ― «Այժմ»։

― «Այժմ»՝ պարզ է։ Դուք, ինչպես միշտ, աղավաղում եք իմ ասածները։ Ես ոչ մի նման խորհուրդ չեմ տվել։ Կարող եք վերցնել իմ ելույթի ձայնագրությունը եւ կտեսնեք, որ նման բան գոյություն չունի։ Ուզո՞ւմ եք ասեմ՝ ես ինչ եմ ասել։ Ես ընդամենն արձանագրել եմ փաստը։ Երբ ինձ հարց է տրվել, հիշում եմ ով է հարց տվել՝ Դավիթ Վարդանյանը, թե ինչպես է ապրում ժողովուրդը, եթե նրա աշխատավարձի արժեքը հավասար է երկու ձվի արժեքի, ես ասել եմ՝ ինչպե՛ս են ապրում՝ ուրեմն ինչ-որ տեղից ինչ-որ բան հայթայթում են, կա՛մ իրենց պահուստներն են օգտագործում, կա՛մ բարեկամներից պարտք վերցնում։ Իսկ դուք սա դարձրել եք «խորհուրդ տալ», արդեն հինգ տարի է կրկնում եք, չեք էլ ձանձրանում։ Կարող եք էլի տաս տարի կրկնել։