Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդպիսի գործիչ էր պահանջում, այսօր՝ այլ տիպի գործիչ, որը, հիմնականում պահպանելով բարեփոխում ների ստրատեգիական գիծը, ավելի շատ ուշադրություն պիտի դարձնի կատարողական կարգապահությանը, օրինականությանը եւ օպերատիվ կառավարմանը։ Այսօր ահա այս խնդիրներն են, որ, կարծում եմ, նույնքան հաջող լուծում է Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, դա իսկապես զեկուցման նյութ է։

ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ, «Երեւան» տեղեկատվական կենտրոն ― Ամբողջ 1996 թվականի ընթացքում եզրակացություն տալու համար արդարադատության նախարարություն են մուտք գործել կառավարության եւ վարչապետի 564 որոշում ու որոշումների նախագծեր, իսկ Նախագահի ընդամենը 6 հրամանագրերի նախագծեր։ Ինչո՞վ եք բացատրում այս փոքրաթիվությունը, եւ արդյո՞ք սա չի նշանակում, որ Հայաստանում նախագահական կառավարում չի իրականացվում։

― Արդարադատության նախարարությունը կառավարության օղակն է եւ կառավարությունը պարտավոր է իր բոլոր որոշումները (մենք նույնիսկ օրենք ունենք այդ մասին), անցկացնել այդ նախարարության խողովակով։ Նախագահի հրամանագրերի վերաբերյալ այդպիսի օրենք գոյություն չունի։ Վեց հրամանագիր ուղարկված է, ուրեմն վեցի հարցում անհրաժեշտություն է եղել ունենալ նաեւ արդարադատության նախարարության կարծիքը։ Ես կարող եմ նույնիսկ բացատրել, թե դրանք ինչ դեպքեր են։ Դրանք այն դեպքերն են, երբ Նախագահի իրավաբանական բաժինը, որը շատ հզոր բաժին է, ուր հրաշալի մասնագետներ են աշխատում, ինչ-որ հարցում չի կողմնորոշվել եւ կարիք է զգացել ստանալու նաեւ արդարադատության նախարարության կարծիքը՝ ընդամենը խորհրդատվական կարգով։

ՀԱՍՄԻԿ ՊՈԴՈՍՅԱՆ, «Հայք» ― Չնայած իր վարչապետության կարճ շրջանին, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն, այնուամենայնիվ, կարողացավ իր մասին դրական կարծիք ստեղծել։ Երեկ Ձեր հրամանագրով Դուք նրան նշանակել եք հատուկ հանձնարարություններով դեսպան։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ նշանակումը եւ ի՞նչ գործունեություն պիտի ծավալի Արմեն Սարգսյանը։