Էջ:Ընտրանի.djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
[1]

(1 նոյեմբերի, 1997 թ.)

Սեպտեմբերի 26-ի իմ մամլո ասուլիսը, ավելի ճիշտ՝ ասուլիսի Ղարաբաղին նվիրված հատվածը մամուլում եւ ընդդիմության կազմակերպած հավաքներում բուռն կրքերի բորբոքման առիթ տվեց։ Ինձ համար դա անակնկալ չէր, եւ ինչ-որ չափով ես նույնիսկ ավելի խիստ հակազդեցություն էի սպասում։

Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը։ Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։

Ընդդիմության արձագանքը դուրս չեկավ հայհոյանքի, վերագրումների, պիտակավորումների ու խեղաթյուրումների շրջանակից։ Չարվեց ոչ մի բանական առաջարկ, չներկայացվեց ոչ մի այլընտրանքային ծրագիր, չբերվեց ոչ մի հիմնավոր հակափաստարկ։ Սրանից կարելի է անել երկու հետեւություն. կա՛մ ընդդիմությունը չունի ղարաբաղյան կարգավորման որեւէ ծրագիր, կա՛մ եթե ունի, բայց թաքցնում է, այնքան էլ ազգանպաստ գործով չի զբաղված. ավելի խիստ որակումից ես զերծ եմ մնում։

  1. Հրապարակվել է հանրապետության գրեթե բոլոր թերթերում, նաեւ արտասահմանում, հայերեն եւ այլ լեզուներով։ Բազմաթիվ հրապարակումներ է ունեցել նաեւ հետագա տարիներին։