Էջ:Ընտրանի.djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տեսնում ենք օգնությունների նրբորեն քողարկված պայմանավորումը քաղաքական հանգամանքներով։ Գուցե այստեղ էլ մենք ենք մեղավոր, որ չենք կարողանում միջազգային հանրությանը բացատրել իր ստրատեգիական շահերը։ Հիրավի, մենք մոռանում ենք համաշխարհային ազգ լինելու, հետեւաբար ամբողջ աշխարհին դաս տալու մեր պատմական առաքելությունը։

Հանելուկ երրորդ. Մենք՝ ընդդիմադիրներս, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր չունենք, բայց քանի որ Հայաստանի ներկա ապազգային իշխանություններն ի վիճակի չեն լուծելու այդ հարցը, ապա իշխանությունը տվեք մեզ, եւ մենք կլուծենք՝ ձեռի հետ էլ վերականգնելով Հայաստանի արդյունաբերությունը, հինգ-տաս անգամ բարձրացնելով աշխատավարձը, երկիրը ողողելով արտասահմանյան ներդրումներով։

Չգիտեմ իսկ, արժե, թե չարժե մեկնաբանել այս հանելուկը. համենայն դեպս, չեմ կարող չնշել, որ քաղաքականության մեջ ազնիվ խոսքն ամենեւին էլ լավագույն փաստարկը չէ, եւ երբեւէ ժողովուրդը հավատալով որեւէ մեկի ազնիվ խոսքին՝ նրան իշխանություն չի տվել, մանավանդ, երբ այդ խոսքը, հանելուկ պարունակելուց բացի, մոտենում է նաեւ հրաշապատում հեքիաթի ժանրին։

Փաթեթային, թե՞ փուլային լուծում

Ընդդիմադիր մամուլի կողմից ջանք չի խնայվում հասարակությանը տպավորելու համար, թե իբր Լեռնային Ղարաբաղը պաշտպանում է կարգավորման փաթեթային տարբերակը, իսկ Հայաստանը՝ փուլայինը, որը հղի է լուրջ վտանգներով։ Ես թերեւս չանդրադառնայի այս հարցին, եթե ի զարմանս ինձ, նման հայտարարություններ չանեին նաեւ Ղարաբաղի ներկայացուցիչները։

Սեպտեմբերի 26-ի մամլո ասուլիսին ուշադիր հետեւողները պետք է նկատած լինեին, որ թե՛ փաթեթային, թե՛ փուլային լուծումները ես համարել եմ «իրական (ռեալ) տարբերակներ»։ Նշել եմ նաեւ, որ Հայաստանը լուրջ վերապահումներով ընդունել է համանախագահների ներկայացրած առաջին ծրագիրը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կարգավորման փաթեթային տարբերակ։ Եւ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը գրավոր կերպով կտրականապես մերժել են