Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ

(31 դեկտեմբերի, 1997 թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի անկախության յոթերորդ տարին մենք թեւակոխում ենք որպես քաղաքականապես եւ միջազգայնորեն լիովին կայացած, տնտեսական եւ ներքաղաքական որոշակի կայունությամբ բնութագրվող, բայց նաեւ բազմաթիվ առօրեական խնդիրներով ծանրաբեռնված պետություն, որը դժբախտաբար դեռեւս շատ հեռու է մարդկանց նվազագույն պահանջները բավարարելու եւ արժանապատիվ կյանք ապահովելու սովորական պատկերացումից։

Անցնող տարում արձանագրված դրական միտումները, սակայն, հույս են ներշնչում, որ առկա կենսական խնդիրների լուծման տեսանկյունից մենք ավելի լավատեսորեն կարող ենք նայել ապագային։

Կարծում եմ, որ 1997 թվականը լիովին արդարացրեց այն կանխատեսումը, որ Հայաստանն անցել է տագնապների, ցնցումների, արմատական ու ցավոտ վերափոխումների շրջանը եւ մտնում է խաղաղ, ստեղծագործ աշխատանքի, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ քաղաքական ու հասարակական հարաբերությունների աստիճանական բարելավման, պետության բարեկարգման, իշխանության կառույցների գործունեության ներդաշնակման եւ արդյունավետության բարձրացման բնականոն հանգրվան։