Էջ:Ընտրանի.djvu/654

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար շատ ավելի գրավիչ են, քան կոնկրետ երկրներում կատարվող ներդրումները։ Մասնավորապես այն պատճառով, որ այդ տիպի ծրագրերը, կողմնակիորեն նպաստելով տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդմանը, տնտեսական նպատակահարմարությունից բացի ձեռք են բերում նաեւ քաղաքական նշանակություն։

Երրորդ․ Հակամարտության առկայությունը Հայաստանին զրկում է իր ամենաբնական եւ շահավետ տնտեսական գործընկերներից՝ Ադրբեջանից, Թուրքիայից եւ մասամբ՝ Իրանից։ Բնական եւ շահավետ նախ եւ առաջ այն պարզ պատճառով, որ նրանք մեր անմիջական հարեւաններն են։ Գաղտնիք չէ, որ աշխարհի բոլոր նորմալ պետությունների արտաքին տնտեսական կապերի առնվազն հիսուն տոկոսը բաժին է ընկնում նրանց անմիջական հարեւաններին։ Մինչդեռ Հայաստանի դեպքում դա գործնականում հավասարվում է զրոյի։ Ես առիթ ունեցել եմ գնահատելու հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, ուստի զերծ եմ մնում կրկնությունից։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է ժխտել նաեւ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հսկայական պոտենցիալը, որը թերեւս երկրորդական դեր կարող է խաղալ Թուրքիայի տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանի դեպքում, անկասկած, ունի կենսական նշանակություն։ Մեր Արդյունաբերողների միության կատարած հաշվարկների համաձայն՝ Հայաստանի ու Թուրքիայի հաղորդակցության ճանապարհների վերագործարկման դեպքում, երկու երկրների միջեւ շրջանառությունը մեկ տարվա ընթացքում կարելի է հասցնել մոտ 600 միլիոն դոլարի։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը կարող է աճել 50 տոկոսով (այսօր այն կազմում է մոտավորապես 1 միլիարդ 125 միլիոն դոլար)։ Իսկ դա նշանակում է արդյունաբերության զարգացման լուրջ հնարավորություններ, լրացուցիչ աշխատատեղեր եւ սոցիալական խնդիրների լուծման հեռանկարներ։

Չպետք է մոռանալ նաեւ, որ բացի բնական տնտեսական գործընկեր լինելու ինքնին արժեքից, Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեն նաեւ որպես ամենակարճ տարանցիկ ճանապարհներ մի դեպքում՝ դեպի Եւրոպա եւ արաբական աշխարհ, մյուս դեպքում՝ դեպի Իրան, Ռուսաստան ու Միջին Ասիա։ Այս