Էջ:Ընտրանի.djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբի համանախագահության շրջանակում, Ռուսաստանը լիակատար համերաշխություն է ցուցաբերում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջարկած կարգավորման պլաններին։ Արեւմուտքի հետ ավելորդ պրոբլեմներ չունենալու նույն պատճառով Ռուսաստանը մի օր նաեւ ստիպված է լինելու դադարեցնել զենքի մատակարարումները Հայաստանին։ Ավելին, ես չեմ բացառում, այլեւ ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման եւ նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, եւ այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը։

Ինչ վերաբերում է այն բանին, թե՝ եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումները, մենք զենք կստանանք Իրանից, ապա կարծում եմ, դա էլ զուրկ է առարկայական հիմքից։ ճիշտ է՝ իրանա-ադրբեջանական հակասությունների ֆոնի վրա Հայաստանի հզորացումն ու տնտեսական բարգավաճումը բխում են Իրանի պետական շահերից։ Ճիշտ է նաեւ, որ Հայաստանի ամենախիստ շրջափակման տարիներին Մեղրու ճանապարհը եղել է մեր գոյատեւման ամենակարեւոր պայմաններից մեկը։ Բայց դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ երկու հանգամանք։ Առաջին՝ Մեղրու ճանապարհի սահմանափակ հնարավորությունները եւ լրացուցիչ ծախսատարությունը չեն կարող լուրջ տնտեսական համագործակցություն ապահովել մեր երկրների միջեւ։ Երկրորդ՝ Իրանում պետական շահերից բացի գոյություն ունի նաեւ իսլամական համերաշխության գիտակցություն։ Այդ պատճառով իրանական ոչ մի կառավարություն չի համարձակվի զենք մատակարարել մի քրիստոնյա պետության՝ իսլամական որեւէ պետության դեմ օգտագործելու համար, եթե, իհարկե, այդ կառավարությունն իր գլխից ձեռք չի քաշել։ Եւ վերջինը՝ եթե Իրանը կարող էր մեզ զենք մատակարարել, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա դա չի արել։

Չգիտեմ, որքա՞ն տեղին է նաեւ Իսրայելի եւ Հայաստանի իրավիճակների համեմատությունը։ Իսրայելն, այո, բոլոր հարեւանների հետ ռազմական առճակատման մեջ գտնվելով հանդերձ, կարողացել է ապահովել իր տնտեսական զարգացումն ու ռազմական հզորությունը, բայց նա երբեք