Էջ:Ընտրանի.djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մշակած Սահմանադրության նախագիծը 1995 թ. Հուլիսի 5-ին ընդունվեց համաժողովրդական հանրաքվեով։ 1996 թ. սեպտեմբերի 22-ին երկրորդ անգամ ընտրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ։ 1998 թ.փետրվարի 3-ին կազմակերպված պետական հեղաշրջման հետեւանքով հրաժարվեց Հանրապետության Նախագահի պաշտոնից։

«Ղարաբաղ» կոմիտեում

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն հայ քաղաքական իրականության մեջ, կարելի է ասել, աննախադեպ հաջողված եւ կայուն քաղաքական թիմ էր։ Ավելի քան երկու տարի այն ղեկավարում էր համաժողովրդական մի շարժում, որը ոչ միայն առաջին ժողովրդավարական շարժումն էր ԽՍՀՄ կոչվող բռնապետությունում, այլեւ բոլոր առումներով՝ զանգվածայնությամբ, որակական հատկանիշներով ու արդյունավետությամբ առաջինն ու առաջամարտիկը մնաց մինչեւ կայսրության ու նրա ազդեցության ոլորտների վերջնական փլուզումը։ Որեւէ մեկը չի կարող վիճարկել այն իրողությունը, որ Հայկական ժողովրդավարական շարժման ու նրա ղեկավար մարմնի՝ «Ղարաբաղ» կոմիտեի առջեւ ծառացած խնդիրները տասնապատիկ ավելի ծանր ու բարդ էին, քան այդ տարիներին Խորհրդային Միության մյուս հանրապետություններում եւ արեւելաեւրոպական երկրներում ժողովրդավարական շարժումներից որեւէ մեկի առջեւ դրված հարցերը։ Որեւէ մեկը չի կարող նաեւ վիճարկել այն փաստը, որ նրա դեմ գործող ուժերը շատ ավելի ագրեսիվ էին ու վտանգավոր, քան այդ շրջանում մյուս երկրների ժողովրդավարական շարժումների դեմ գործողները։ Եւ որեւէ մեկը չի կարող վիճարկել, որ պատմականորեն իրեն տրված ավելի քան երկու տարի ժամանակահատվածում Կոմիտեն իր դերը կատարեց, դրված խնդիրները լուծեց բացառիկ արդյունավետությամբ։

Հարցերի քննարկման անկաշկանդ մթնոլորտ, աշխատանքի եւ բնագավառների բնական բաժանում եւ ներդաշնակություն կար այստեղ։ Դժվար է հիշել դեպք, երբ որեւէ հարցում Կոմիտեն հասարակությանը ներկայանար ոչ միասնական, ոչ հստակ, չպատճառաբանված ու չհիմնավորված դիրքորոշմամբ։ Դա, անշուշտ, արդյունք էր նախնական բազմաժամ քննարկումների, առողջ ու բանական բանավեճերի։