Էջ:Ընտրանի.djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արդյունավետ էր Հայաստանի նոր ղեկավարի քայլը 1991 թ. սկզբին՝ Մերձբալթյան հանրապետությունների համար ծանր օրերին. նրա նախաձեռնած միջնորդական առաքելությունը կանխեց խորհրդային բանակի կողմից սկսված արյունահեղության հետագա խորացումը Լիտվայում եւ ցույց տվեց Կենտրոնի դեմ անկախական հանրապետությունների միասնական ճակատ կազմելու արդյունավետությունը։

Ինքնիշխանության եւ ժողովրդավարական չափանիշների հաստատման, տնտեսությունը ազատ շուկայական հարաբերությունների հիմքի վրա տեղափոխելու հետեւողական եւ տպավորիչ քայլերը հնարավորություն էին տալիս նաեւ արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու, միջազգային ասպարեզ դուրս գալու համար։ Լեւոն Տեր- Պետրոսյանի իրականացրած եռանդուն արտաքին քաղաքականությամբ Հայաստանը, որպես պետական ինքնուրույն միավոր, քայլ առ քայլ ընդունվում էր Արեւմուտքի կողմից։ Նա անսխալ էր տեսնում քաղաքական իրավիճակների անատոմիան, գործընթացների էությունն ու ուղղությունը։ Աշխարհաքաղաքական զարգացումները ճշգրիտ կռահելու եւ կառուցողական դիրքերից դրանց նպաստելու առավելագույն ջանքեր գործադրելու շնորհիվ Հայաստանի ղեկավարի քաղաքական կշիռն ու հեղինակությունը աճում էր նաեւ միջազգային ասպարեզում։ Առաջինն արժանանալով բարձր մակարդակի ընդունելությունների՝ տեւական մի շրջան Հայաստանի ղեկավարը միջազգային ասպարեզում, ըստ էության, հանդես էր գալիս որպես անկախության ուղին բռնած հանրապետությունների պատվիրակ։ 1990-91թթ. ԱՄՆ-ի Նախագահ Ջորջ Բուշի եւ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Միտերանի, տարբեր երկրների ղեկավարների ու դեսպանների հետ հանդիպումների ժամանակ նա հետեւողականորեն փորձում էր համոզել, որ ԽՍՀՄ-ը դատապարտված է, եւ Արեւմուտքը պետք է անմիջական գործընկերային հարաբերություններ սկսի հաստատել անկախության ուղին բռնած հանրապետությունների հետ։ Արեւմտյան երկրների ղեկավարները երկար ժամանակ տատանվում, դիմադրում էին, մինչեւ որ, արդեն ակնհայտ իրողությունների դեմ հանդիման, հենց այդպես էլ անում էին։

Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը ճշգրիտ էր նաեւ ԽՍՀՄ անվտանգ փլուզման ձեւի հարցում։ Այս դեպքում այն ոչ թե կանխատեսում, այլ ծրագիր էր, այն միակ բանական ուղու մատնանշումը, որով կայսրության փլուզումը կարելի էր դարձնել քաղաքակիրթ, ԽՍՀՄ ժողովուրդների