Էջ:Ընտրանի.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կատի եւ այլ ամենօրյա խնդիրները ըստ հնարավորի լուծելուն զուգահեռ, հասարակական ու տնտեսական կյանքի արմատական վերափոխմանն ուղղված քայլերը, որ դանդաղել էին, նրա օրոք շարունակվեցին նոր թափով։ Ցանկացած բարեփոխում որպես կանոն տվյալ բնագավառում նախ անկում է արձանագրում եւ դրանց դրական արդյունքները երեւում են ավելի ուշ։ Փաստական պատերազմի մեջ գտնվող երկրում սեփականաշնորհման, ազատ շուկայական տնտեսության հարաբերությունների անցման, գների ազատականացման եւ մյուս արմատական վերափոխումների դրական արդյունքների այդ ուշացումն ավելի տեւական պետք է լիներ։ Եւ այնուամենայնիվ, ռազմավարական խնդիրները լուծելու համար կառավարությունը երբեք չխորշեց գնալ ոչ պոպուլիստական քայլերի։

Պաշտպանության եւ բանակի կազմավորման խնդիրը դրված էր Վազգեն Սարգսյանի վրա։ Նախորդ տարիներին ինքնապաշտպանական ջոկատների զանգվածային առաջացումը մի կողմից, թվում էր, դրական նախադրյալ էր ստեղծել խնդրի լուծման համար, մյուս կողմից սակայն ավելի մեծ խնդիրներ առաջացրել։ Ֆիդայականության, ավելի հաճախ՝ կեղծ-ֆիդայականության որոշակի հատկանիշներ որդեգրած այդ ջոկատներից եւ զորակոչով հավաքած նորակոչիկներից կանոնավոր բանակ ստեղծելը պարզագույն խնդիրներից չէր։ Մանավանդ, որ դրա հետ միասին շարունակվում էին պատերազմական գործողությունները Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում։

Կենսականորեն անհրաժեշտ էր ապահովել հասարակական կարգը եւ օրինականությունը։ Կոմունիստական իշխանության մայրամուտին, ոչ առանց հեռահար հաշվարկի, բազմաքանակ զենք էր անցել տարբեր մարդկանց, այդ թվում նաեւ հանցագործ տարրերի ձեռքը։ Ոմանց համար «ֆիդայությունը» դարձել էր արհեստ ու զբաղմունք՝ Երեւանի փողոցներում եւ հանրապետության ճանապարհներին։ Բացահայտ կողոպուտը դարձել էր այդ խմբերից շատերի հիմնական գործը։ Գիշերները, երբեմն նաեւ ցերեկները, քաղաքի փողոցներում ու արվարձաններում կրակոցներ էին հնչում։ Լինում էին նաեւ մարդկային զոհեր։Կրիմինալը սպառնում էր դառնալ երկրի փաստական տերը։ Ոստիկանությունը, Շարժման տարիներից ի վեր բարոյալքված, անհուսալիորեն անզոր էր թվում հասարակական կարգի պահպանության իր գործառույթն իրականացնելու համար։ Վանո Սիրադեղյանի համառ ջանքերի եւ կտրուկ միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում իրավիճակը կարգավորվեց։