Էջ:Ընտրանի.djvu/691

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սակայն, որ իրենց «ազգային» հռչակող ուժերի կողմից այդ վայնասունն առավել պետք է ծավալվեր խնդրի վերջնական խաղաղ կարգավորման փուլում։ Վճռական այս պահին էր, ահա, որ, առավել քան երբեւէ, ամբոխահաճության ու կեղծ արժեքների շահարկման սպասելի ալիքի դեմ անհրաժեշտ էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարեհաջող լուծման վերջնագծին հասցրած Նախագահի քաղաքական թիմի համախմբումն ու անվերապահ աջակցությունը։ Եւ հենց այս պահին է, որ տեղի ունեցավ անակնկալը. մինչ այդ նրա ծրագրերին քաջատեղյակ, քաղաքական կարեւոր պաշտոններ ստանձնած, նրա քաղաքականությունը պաշտպանող ու դրա իրականացմանը մասնակից, նրա տեսակետների նկատմամբ երբեւէ որեւէ առարկություն, որեւէ բանում ամենաչնչին կասկած չհայտնած, նրա քաղաքականությունն ամենաբարձր գնահատականների արժանացրած համախոհների մի մասը[1] կտրուկ ընդդիմացան՝ ընդհուպ պահանջելով նրա հրաժարականը։ Կրկնենք՝ որեւէ մեկի, առավել եւս նրանց համար որեւէ անակնկալ չկար։ Ի՞նչն էր, ուրեմն, պատճառը. հանկարծակի ծնված համոզո՞ւմը սեփական ավելի բարձր ունակությունների ու կարողությունների հանդեպ, վա՞խը կեղծ արժեքների ու ամբոխահաճության սպասվող ալիքից ու վայնասունից, թե՞ հարմար պահին նույն այդ ալիքի վրա հանկարծ ցատկելով՝ ամբողջ իշխանությանը տիրանալու գայթակղությունը։ Հասկանալի է, որ հարցերը հռետորական են, եւ դժվար է նրանց քայլը բնորոշելու համար ավելի հարմար որակում գտնել, քան դավաճանությունը։ Մեկն այն ամենապարզ դավաճանություններից, որ մեր պատմության մի շարք բախտորոշ դրվագներում ճակատագրական դեր են խաղացել։

Արժանապատիվ իր հրաժարականով Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահը, որպես պետական գործիչ, նպատակ ուներ նախ եւ առաջ դույզն-ինչ չվնասել իր իսկ ձեռքբերումներն ու նվաճումները եւ

  1. Այստեղ մեջբերենք դրանցից երկուսի՝ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի գնահատականները (1995 թ.). «Արցախի երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր հերոսական գոյապայքարում։ Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության իշխանությունների զորակցությունը», «,Քաղաքական այս վայրիվերումներում Ձեր կեցվածքը եւ թափանցողականությունը բարդ խնդիրները հանգեցնում են ամենապարզ լուծումների։ Դուք եք մեր պետության քաղաքական հավասարակշռության լծակը… Ձեր շնորհիվ է, որ կանգնում են ազգային պետության հիմնասյուները» (ՀՀԱՆԱ, 03/09.01.1995)։