Էջ:Ընտրանի.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նացնում են այն մարդիկ, ովքեր եւ մշակում են դրանք։ Մարքսիստ Լենինը Ռուսաստանում իրագործեց ոչ թե Մարքսի, այլ իր ծրագիրը։

Վերադառնալով մի խումբ հայ մտավորականների խնդրո առարկա հայտարարությանը, որն, ինչպես պարզվեց, պատվիրված է Հայաստանի կոմկուսի կենտկոմի կողմից, պետք է անհրաժեշտաբար պատասխանել այն հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում «ազգային համաձայնության գալու» ծրագիրը, եւ ինչո՞ւ է այդ ծրագիրը հրամցվում հենց այս պահին։ Մտավորականների իսկ վկայությամբ՝ «Իշխանության մարմինները գտնվում են յուրատեսակ կաթվածահար վիճակում, բյուրոկրատական ապարատն առաջնորդվում է ավելի շատ հասարակության մեջ իր զբաղեցրած տեղը փրկելու, քան հանրապետության առջեւ կանգնած անհետաձգելի խնդիրները լուծելու մտահոգությամբ»։ Եթե, ուրեմն, մտավորականներն այս ծրագիրն առաջ են քաշում կաթվածահար իշխանության պատվերով, ապա դա արվում է միայն ու միայն այդ իշխանությունը փրկելու նպատակով։ Եւ բոլորովին պատահական չէ, որ պաշտոնական իշխանություններն ու նոմենկլատուրային մտավորականությունն այս ծրագրով հանդես են գալիս ընտրությունների նախօրյակին, չթաքցնելով անգամ իրենց հապճեպությունը։ Նպատակը պարզից էլ պարզ է. ազգային համերաշխության ցանկալի գաղափարով մոլորեցնել ժողովրդին, ստեղծել այն պատրանքը, թե կոմկուսը, բյուրոկրատական ապարատը, նոմենկլատուրային մտավորականությունը նույնքան մտահոգված են ազգային շահերով, որքան ինքը՝ ժողովուրդը, եւ դրանով ապահովել իրենց տեղերը ապագա խորհրդարանում։ Ավելին, դրանով փորձ է արվում վերականգնել սնանկության մատնված կոմունիստական կուսակցության քաղաքական վարկը եւ, նրա նորընտիր ղեկավարին ազգային հերոսի դիմակ հագցնելով, ապահովել նրա ընտրությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում, որով կողմնակի կերպով կապահովվի նաեւ կուսակցության հսկողությունը հանրապետության գերագույն իշխանության վրա։

Հայտարարության հեղինակներն իրավացիորեն նշում են. «Մեր ժողովրդի պայքարը ղեկավարելու համար իշխանության բարձրագույն մարմնում պետք է ընտրել կորովի մարդկանց, որոնք օժտված լինեն կազմակերպչական տաղանդով, մտքի հստակությամբ եւ կարողանան հիմնովին փոխել գործերի ներկա ընթացքը հանրապետությունում…