Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուն անցքին ատենը, առանց թմբուկի ու զուռնայի, անշուք, թափթփուն թափորը բռնազբոս քալվածք մը կմատներ։ Հարսնևորներուն համար քիչ տրտմություն չէր ան իսկ երևույթը, որ մեկը չէր ուզած իր դռան առջև «խոնչայի պատիվ մը» ընել պուտ մը գինիին կորուստովը, որու ի՛նչ փույթ. ցուրտ էր, մեյ մըն ալ խորհողը կխորհեր թե Տեփո-Աստուրը պատվելու տեղ, կարելի է, ավելի աղեկ մարդավարությունը ըլլար պիտի, եթե տանիքին ճնճղուկներուն ափ մը կորեկ նետեր։

Ատ օրը, կերևա, ցվքներուն եզերքը, անծեղներն ալ ծուռ թառած էին։

Գյուղին մութ ծածքերեն դուրս եկած կետայի տղա մը՝ փշոտ մորմենի մըն է կըսեին, որուն վրա թերևս կաթ մը արջև ալ չէ ինկեր, ու հիմա չի զարմանալու համար, մարդ իր երեկի փորցավը միտք բերելու պետք կըզգա, որ՝ աչքի չառնված այն շատ հասարակ, շատ աննշան ու գռզիկ թուփին վրա, նանկ սիրուն աղջիկ մը կերթա «նշծաղիկի» մը անակնկալը ըլլալ։

Գեղեցիկ էր աղջիկը, գեղեցիկ մարգրիտ մը սակայն, որ ծովին անկոխ մեկ եզերքը ինկած, զինք փնտռողին չի հանդիպիր, վերջը, օր մը, դիպվածի քմայք, բոբիկ հովիվի մը ոտքին տակ կուգա։ Գեղեցիկ էր, անոր միայն աչքերուն հրապույրին հանդիպողը, պարեխի «օձին անգին քարը»՝ այդ կախարդիչ շողյունը տեսնելու պատրանքը կունենար։ Այդ պատճառով կարելի է խենթ պիտի ըսեիք գյուղի տղոցմե անանկներուն, որ ատ աչքերուն սիրովը, անոնց հալած ու բևեռված որևէ մեկ կետին վրա, նույն մեռցնող աչքերը տեսած ըլլալու արբշիռ ցնորք մը կպատմեին։ Աղվոր տանձ, արջն ալ աղվոր, անլի հեգնություն մը իր տեսակին մեջ, որ հարսին երևումներեն հոգիի լռին հատնումը զգացողներուն վերջին հուսահատ ծնծնալը կերևար։ Բալց ա՛լ եղած էր ըլլալիքը ու մեկը չի կար, որ չի գիտնար, թե իրենցմե ոչ մեկունն է ան, անոր եբենոս մազերուն վերջին թելն ալ իրենցը չէ։

Հանդիպում, բախտ, եկեղեցի ու բոլոր ասոնցմե առաջ, աղջիկը, որ անտեր մըն էր, անտեսված մը, և ապա նախապաշարում թե՝ անտեր մեծցած է անիկա, կրնա քած խոզ մը ըլլալ, որ գացած տունը չուզե պարտկվիլ, աչքը դուրսերը ու ետքն ալ իր տիրոջ գլխուն հազար դժբախտություններ բերե, բոլոր այս պարագաները ու պայմաններու իրավն անիրավն հիմա հետևանքի մը հանգած վերջապես, լսողը շատ ուշ մնացած կերևար իր քիթին ծակտիքը