Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենքեն ալ, տեղ մըն ալ ամիսը երկուք չեղած՝ զինք դուրս հրողը, վտանգավոր բան մը դուրս նետածի պես շունչ կառներ։ Ի՛նչ ընեք, ալ ի՛նչ կար ընելիք, տարիքին քսանհինգերորդին վերջին իրիկունը, եթե չեմ սխալիր, հասարակ բանվորի որողչեքով տեղե-տեղ շրջիկ մշակության երթալու որոշումը կուտա։ Էն ետքի խելքը, որ տուն կկանչե, և որով մեկ երկու տարի ինքնիրենը ապրելու ինքնամփոփումով մեկուն երեսը չուզեր նայիլ, մեկու մըն ալ սրունքին վրա ժանիք չի փորձեր։

Աստուր մարդ էր եղած՝ կըսեին, ինք գոնե այսպես կհավատար ու Զատկի, Ծնունդի, ինքն ալ իր տունը կառներ կմնար, որ տերտերը կարգով մը, իր տեփուրին վրա իր աղն ու հացն ալ գա օրհնե։

Այս վիճակին մեջն էր, որ քիչ մը դրամ մեկտեղած ըլլալու աջողվածքով, աղջկան մը կտուցեն բռնելու առեջքը կսարքե մտքին մեջ, բայց որո՛ւ պիտի դիմեր, քիչ մը ոչխարի ինքնագիտակցությունն ալ բավական չէ՞ր, որ կարող ըլլար ըմբռնել, անդրադառնալ թե՝ դեռ ինք հայտնի մշակ մը՝ ու էվել ոչինչ կպցուց իր անունին վրա։ Իր ետևեն զինք մարդ ճանչնալու փորձվողները շատ ավելի իր մեկ քանի երկչոտ ազգականներն էին, որոնք, խեղճերը, հազար ու մեկ պատճառներ ունեին զինք քիչ մըն ալ մարդու անունով փաղաքշելու։ Ինչ ընեին, վաղը Աստուր նորեն կկատղի, նորեն կելլե կավառ մը կփլցնե ու նորեն իրենց ճինսը պիտի ըլլի տուժողը։

Շվոտի ձագը մարդու խորհուրդ չի հարցուցած՝ երա՞զ կտեսնե, թե հավահմայե մը կարտոնվի, չգիտցվիր, կփնտռե, կգտնե ուզածը, կնշանվի ու ժամանակ վերջը ազգական ըսվածներեն հենց հարսնառի ներկայություն մը կխնդրե ու կփակե խնդիրը։ Դեմի չի համակերպվողն ալ ան աղջիկը չպիտի ըլլար հարկավ, որ իր հարուստ ծնողքին հանկարծական անհետացումեն ետքը, մորքրոջ թևին տակ գացեր էր թառիլ, ինչ որ հետո ասոր ալ ետևը լալու դժբախտությունն իր սուգն ավելցուցած՝ վաղին սոսկումեն ավելի բան մը կմտմտար, որ տեղեն խախտած ժայռի ահագնությունով, շիտակ իր վրա, իր բույնը տրորելու կսպառնար։ Վարդեր՝ հասուկ աղջիկ, գիտեր այս բոլորին վախճանը, այնպես որ, դուրսեն եթե հորթուկի բառաչ մըն ալ լսեր, գիտեր, թե զինք իր մութ խոռոչեն լույս աշխարհ հրավիրող ձայնը պիտի ըլլար։