Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կգտնվի, ինչ որ այդ միևնույն ատեն, ուրիշ դրացնուհի մըն ալ, ջլդիկ ջադուկ, Վարդերի երեսին կատվի ճանկ մը նետած ըլլալու համար, ով գիտե երբեմն մնացած հաշվով Աստուրին ականջը կհասցնե։ Կինը ավազի հատով մը մեռցնելու համար ան էրիկ մարդուն ալ փնտռած պատեհությունը։ Այս դեպքով, միայն այս խայտառակ պատրվակով, գողի անունը կամրցնե կնոջ ճակտին, գող մը, կար ձև չգիտցող կին մը, որուն ինքը մինչև ան օրը համբերելու առաքինությունը ունեցեր է եղեր։

Ու խեղճ Վարդեր, երբեմնի այս խանըմ-խաթունը, ծրար մը լաթեղեն միայն անութին տակ, ամբողջ տունին միջեն բաժին հանված սեփականությունը, գեղին փափկանկատ քեհյաններուն միջամտությունով, որ վերջին պահուն արդար իրավունքի մը պաշտպան դուրս գալու վիճակին մեջ կգտնվին, տունեն դուրս հրավիրելու պահուն, հազիվ վրա կբերե ըսել. «Դուն, Տեբոյենց տղան, ըրիր ըրածդ, աստված ալ քեզի ընե, ու տիլեկ կենիմ, որ անանկ ֆառշ ու մալամաթ ըլլիս, անանկ խաղք խայտառակ՝ որ երեք ավուր տղացկանը պիլե, փորուն վրա սողալով քու սեյրդ կայնի»։ Ու ոչինչ անկե վերջը, անկե վերջը գեղացին կամաց-կամաց ինքզինքը տափկցած իրողության մը առջև կգտնե։ Կըլլի եղեր, աշխարհքի վրա չի պատահած բան չկա եղեր, կամ արդեն ի՞նչ էր եղածը։ Մարդ մը, որ ձեռքին տգեղցած վարդը կնետե, հիմա պահ մըն ալ թարմուկ շուշան մը կհոտվտա։ Շիտակ խոսքին ի՞նչ ըսել։

Լքված կնկուկան փեշը այն դժբախտութենեն հետո հանդիպողը երկու տեսակ բան նետեց. մեյ մը պատառ մը չոր հաց, քիչ մըն ալ հոտած լորձունքով թրջված մխիթարող խոսքեր, որոնց ինք պատասխանելու համար դժվար թե այն հացի փշրունքն ալ տեղ կրնար հասցնել։

— Հող մի’ներ, Վարդեր, խեղճ աղջիկ, հոգ մի’ներ, աստված տահա պեթերեն պեյե, օղուլ։

— Տահա ըսել է ասկե պեթե՞րն ըլ կա, ի՞նչ էնիք, ի՞նչ կրնայիք, ճակատնուս գիրն էր, պիտի տանեաք, ասկե պեթերն ըլ կա եղեր։

— Հըպը ի՞նչ կըսես եա, սեֆիլ, աշխարհքի մարդ չի՞ք,– եա օր էլլեր ուրիշ բան մըն ալ ըներ։