Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլոր այս ժամանակներուն, յուղոտ կարմիր ձայներե հյուսված ոռնում մըն ալ մեջ ընդ մեջ, որուն մեկ հեղձ արձագանքը քայլ մը հեռվեն գեղջուկ պարուհիներու խումբերեն կզրկվի, իրենց այս հոգիացած բարեկենդվորներուն ներսի բոցերուն մեծ շունչը՝ երգը պիտի ըլլար ամբողջ գեղացիին վայրագ մեկ համերգը, որ տարիին մեջ մեկ անգամ միայն դուրս կպոռթկացնեն իրենց բրդոտ կուրծքերեն։

Այս վիճակով ահա պահ մը անոնք մեծ հոսանքով մը ակնարկված մրցավայրը հապճեպ արշավանք մը կընեն։ Տեսարանը հոս ավելի խելահեղիչ հանգամանք մը ունի։ Ցլամարտի տեսարան մը կատարյալ։

Երկու գոմշուկներ՝ գառագեղեն արձկված ամեհություններ, այնչափ ալ սոսկալի, որ ուրիշ ատեն բզեզ հովիվ մը զիրենք փայտե սամիի մը տակ կգճկեցնե, ան ատեն մաշված ցուլի մը չափ խոնարհ, հիմա ան իսկ հլու, խոնարհ գոմշուկներն են, որ երկու հատով մը լայն հրապարակ մը կլեցնեն։

Բոլոր ձմեռը ճարպ ու միս, առյուծի ուժ մը թխմեր են իրենց կաշիին տակ, ամբողջ ձմեռը ու աս օրվան համար տերերուն փառքը ցուցադրելու պատրաստված։ Պախուրցներն հանված են գլխներեն, ոչինչ կա արգիլող։

Նախահարձակը խարաճեհեննեմը կըլլա, ու ահա դիմացինն ալ իր վես, սրտոտ կեցվածքեն ետքը, ջղուտ ոստյունով մը իր խոյանքը կընե։

Գլուխ-գլխի ուժգին հանդիպում մը առջին բախումով, լեռի մը փլուզումը ուրիշ լեռի մը վրա, որուն առաջին ահավորությունը խուլ մռնչյուն մըն է։ Իրար ետ-ետ կմղեն, ծունկ կդնեն իրարու առջև, պճեղներու տակ գետնին երեսը խրամներ կբացվին, շարժումն անգամ մըն ալ, մեկը քիչ մը տեղի կուտա, ընկրկում մը, դիմացինը քաջալերված է ասկե, բայց դեռ կորուստ չի կա հավասարակշռության։ Մեյ մըն ալ, որ առաջինեն ավելի հզոր թափով ուժերնին ճակտի վրա ամփոփած՝ միշտ առաջացում, միշտ ճակատ ճակատի, եղջյուրներու շաչյունեն բոցեր մը կժայթքեն։ Աչվնին միս արին կդառնա, ու պահ մը ալ մեկզմեկ չի տեսնելու կուրությունը կունենան, կկորսնցնեն ուղղություննին, հարվածը երկար եղջյուրներու սուր-սուր ծայրովը իրարու փորի շիտկեր են։

Գերագույն վայրկյան մը երկու կողմին ալ, երկու այս ճախնածին