Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ք Ր Ո Ն Ի Կ Ն Ե Ր


ՊԻԾԱԿՆԵՐՈՒՆ ՁԱՅՆԸ


Միշտ գեղը մնաց միտքս, ամեն օր գեղեն պատմեցի. քաղաքն է եղած տեղս, երբեմս ի վեր է, բայց ինչպես կպատահի հաճախ, աչքս ինքնին այն կողմը կբացվի, հողկուռ, դերբուկ այն կողմի խոնարհ ցնծությունները, որոնք կտեսնամ ալ։

Մեր գեղն է ան, որ կուգա ամեն օր աչքիս դեմ, արևը հոն հասունցած հասկերու օրերուն, ամառը ոսկի գետակի մը դեղնորակ, շողուն հեռապատկերը կպարզե. անկե առաջ, միևնույն տարածության վրա, զմրուխտ կանանչներու ծովն է, որ կվետվետի ու կերևա հոն փչող հովերուն շունչին տակ։ Միշտ գեղը միտքս, երեկի պես կհիշեմ բաները, որոնք հոն, օրին մեկը, իմ ալ աչքիս տակ հետաքրքրող հով մը ունեին։ Իրավ է, որ պզտիկ էի, շատ չէի հասկնար բացված խփված պատկերներեն, անանկներեն մանավանդ որ թռչունի կտուց մը, կամ գունագեղ փետուր մը գոնե չէին անդրադարձներ։ Բայց բոլորովին ոչխարի աչքով ալ չէի տեսնար հանդիպածը՝ դեմք մը, թուփ մը, երևույթ մը, ինչ ալ որ ըլլար, ինչով որ հենք քիչ մը արտակարգ ըսվածին թերաստվերը պահեր, անոր մոտն էի ապահովապես, ես ալ բերանաբաց շահագրգռվող մը։

Երեք հարյուր տնվոր շենլիքի մը մեջ, «աղվեսին ձագը»[1] իր թիզ մը հասակին չափովը, չամչուկի ստվեր մըն ալ ինք ուներ գետնին վրա։

Երսուն, երսունհինգ տարի առաջ, մեկ ժամ կար այն գեղը, մեկ հատ ալ ժամացույց։ Ժամը՝ ըսեր էին, կհասկնայի ինչ էր, ուր առտու իրիկուն կերթայի, իսկ այն ժամացույցը, որ Աղոյենց Մզտես Ակորը կկրեր շլլիքեն մինչև գոտին ճոխ արծաթ շղթաներու փառփառ խուրձով մը, որուն մեկ տեսակը գեղին հարսը կցուցադրե ― այն ժամացույցն էր ահա, որ խելքիս չէր պառկեր։

  1. Մեծ հորս անունին կցված հեգնոտ մակդիր մը։