Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկինքն աշխարհի վրա, կույսը պառավին մոտ, գանկ մը գլխարկի մը հետ, որու ի տես իր իսկ ամենեն մտերիմն ալ կվարանի եղեր անուն մը տալ սա աղջկան, որ դուրսը հանրային հարաբերությանց ու քարոզներուն մեջ երիտասարդությունը չար հասակ մը նկատել տալու փողար եղած է, ինք սակայն գերեզմաններեն հանված երիտասարդի գանկեր ձեռք ձգելով անբացատրելի գորովով մը իր գրասեղանին թանկագին զարդը կպահե, ու անոնց կից դրված է միևնույն գրասեղանին վրա իր ծաղկազարդ գլխարկներեն ամենեն սուղն ու սիրունը։

Աշակերտուհիներ, զորս իբրև մեղավոր արձանագրել տված է իր սիրական Շնորհումին, որուն միայն հավատացած է կյանքին գաղտնիքները, այս սենյակն առաջնորդելով՝ ծնկաչոք աղոթել կուտա անոնց, վարագույրները վար առնված՝ դուրսեն լույսի փշուր մը չերևցնելու հոգածությամբ, ապա ինքն ալ երկար աղոթքով մը կարձակե այդ անհարկի մեղավորները իրենց կապանքներեն և անոնց կպատվիրե, որ երթան ու պատմեն ինչ որ տեսան վարժուհիին սենյակը։

Գացեք, կըսե, դուք ալ ձեր ընկերներուն հասկցուցեք, որ վարժուհին ստույգ և ստույգ ս. հոգիին ընկերությունը կվայելե, գիշերները ցայգ անոր հետ կլուսցնե, մեղավոր աշակերտուհիներու դարձին համար անոր շնորհքը կխնդրե ու վերջապես ապահով է, թե պիտի կրնա խոսք հասկցնել։

Վարժուհին այդ պահուն ցույց կուտա իր բարձն ու անկողինը, որ ամբողջովին ջուր կտրած են։ Շատ լաց լացեր է, շատ առատ արցունք թափեր է Լուսնթագին ու Արյուսակին համար, գիշերը վերջապես պատասխանն ընդունած է աղոթքն, ու ըսած է Շնորհումին, որ այլևս մեղավորներուն ցանկեն ջնջե անոնց անունը։ Շնորհում վարժուհի իր ներքին գրագիրն է. պարտի-պահանջեի ահագին գումար մը այս աղջիկը առտու իրիկուն անութին տակ հետը կպտտցնե, պարտքի սյունակին մեջ մեղավորը նշանակված է, պահանջեին մեջ գրված են աղոթել սկսողներու անունները։ Ի՞նչ խորհիլ ստուգիվ սա արտակեդրոն բնավորության համար մարդ կհավատա, թե՝ այս ամերիկուհին եթե խարուկահանդեսներու օրերուն մեջ ծնած ըլլար, մեծ գործեր պիտի տեսներ ապահովապես։ Հիմակ ալ, մեղքը ըսողին վիզը, անլուր պատիժներ կգործադրե այն աղջկանց վրա, որ կամ աղոթելու ատեն աչվընին բաց պահած են կամ նորեն