արդեն, վատուժ, քայքայված, ու ծերություն մը այդքան կանխահաս՝ խանձարուրեն ժառանգած կարծես։
Ասոնց ձեռքը մուրճին ծանրությունը լողքարի մը չափ ծանր կզգացվի, մուրճը հեշտ չեն կրնար գործածել, ու կսպասեն որ սալին վրա վերջին հարվածը իջեցնողը հայրերնին ըլլա։
Գոգոն այն տեսակ ծանրության մը հետ խաղալու ատեն շատ անգամ ճուկ ճուկ կըլլի ու կտոր-կտոր կընե մեջքը, թևերը ու ամբողջ մարմինը։ Իր դերբուկ հասակը մուրճին կոթին հազիվ երկու երեք անգամին չափը ու ոչ ավելի, ճշմարիտ ծաղրանկար մը կներկայացնե որ կշարժի ալ։ Թաղեցի պզտիկներուն խորոզն է ան, «Խորոզ Գուգոն» ըսած են իրեն, որ խանութեն դուրս ապրելու ատեն, ելլել պտտելու պահերուն, խորոզի մը սիգանքները կպահե պորտ նետելով, կոնքերուն վրա, իրանին աջ ձախ շարժում մը տալով, որ ատեն երբեմն թիզ մը անդին մնացած հետույքն ալ լեցուն ուռուցիկ տոպրակի մը ծանրությունովը ետևեն քաշելու ծիծաղելի հևք մը կպահե։
Ինքն իր ծանրությունը չի կրցող կրողը մտածել անգամ մըն ալ գործիքին ծանրության տակ, որ ամեն վեր առնելու, վար իջնելու ջանքով վրեժխնդիր դեմքի մը ահռելիորեն ցասկոտ ծամածռություններն ու կծկումները կերևցնե, դուրս կիյնան աչքերը ու լեզուն ալ դուրս ձգած, նույն ատեն, անոր արմատը այնպես մը պինդ կխածնե ալեչափ մը ժիր ու ձգտված, որ այն պզտիկ միսի կտորն ալ հնդկահավի մը քիթին պես կերերա այս մեր դարբին աքաղաղին ամեն մեկ շարժումին։
Հիմա երեսունե ավելի տարիքի մը մեջ, կարգվիլ չէ ուզած, չի կարգվիր, որ մեծ աղբորը, Խաչոյին զավկըները ապրեցնելու միշտ տրամադրելի առաքինության մը պահե կըսեն, բայց շիտակը ըսելով ան է ավելի ստույգը, որ իրեն պես խորոզի մը հավնող հավի չի հանդիպեր տակավին։
Երկու աղբար, հայրերնին ալ երեք հոգի, մանգաղի պես գործիք մը հազիվ ամբողջ օր մը վատնելով կրնան շինել, գլուխ հանել, ու միշտ ալ գեշ շինողնեն են իրենք, ու ան հայր դարբինն ալ երբեմն ինք առաջին համաձայնողն է իր այն խորոզին ու անճըկուկ Խաչոյին հետ, ինչպես ինք կուտա անոնց այն տեսակ անուններ մը, որ արհեստը ներկելու համար, քիչ մըն ալ հաճախորդին հետ աչք կապուկի խազեր մը ընեն։ Պեյրոս աղբար պողպատի այնինչ չափով կտոր մը խորին ծայրը դնելով ունելին բերանը տալու ատեն, երբ այն վիճակով կտորը հնոցը կմխե կասկածոտ հաճախորդի մը